Եթե երեկ գիշեր ոստիկանները պետք է ձերբակալեին Արամ Վարդանյանին, ապա տան դռները, պատուհանները կոտրելու անհրաժեշտությունն անտրամաբանական է։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ ընթացքում նաեւ ներկայացնելով տանը կատարված գործողությունների արդյունքում վնասված իրերը։

Լրագրողներն ու փաստաբանները պատուհանով մուտք գործեցին «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տուն, քանի որ դուռը երեկվա գործողությունների արդյունքում չի բացվում։

Լուսինե Սահակյանը ցույց տվեց կտրված երկաթե ճաղավանդակները, պոկված վարագույրներն ու կոտրված պատուհանները։

«Այդ պահին երբ իրենք մտել են եւ սկսել են հարվածել, ներսից ասել են՝ սպասեք, դուռը բացենք։ Սակայն իրենք շարունակել են հարվածել…»,- ասաց փաստաբան Սահակյանը եւ հավելեց, որ ոստիկանների նպատակը եղել է ակնհայտ վնաս պատճառելը։

Լուսինե Սահակյանը պատմեց, որ ոստիկանները բացարձակ չէին խոսում իրենց հետ, սակայն երբ հարցրել է՝ խոսեք, լեզու չունե՞ք, ոստիկանը պատասխանել է. «Լեզուս ցույց տա՞մ»։

Նշենք, որ փաստաբանները գործողությունները որակում են խուզարկություն՝ առանց դատարանի թույլտվության։

NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»։