«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան խուզարկությունը քննիչի միջնորդությամբ եւ դատարանի որոշմամբ, նշվել է, որ զենք-զինամթերք պահելու կասկածանք կա, ինչպես նաեւ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող ինչ-որ իրեր հայտնաբերելը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա ասաց, որ տան խուզարկության թույլտվության որոշումը կայացրել է դատավոր Վաչե Մարգարյանը. «Անկհայտ ապօրինի որոշում է կայացրել Վաչե Մարգարյանը։ Վերջին շրջանում բոլորն են ծանոթ Վաչե Մարգարյանի կայացրած որոշումներին, եւ ոչ մեկի համար տարօրինակ չէ, որ Վաչե Մարգարյանն ապօրինի որոշում է կայացրել»։
Փաստաբանն ասաց, որ որոշման եզրափակիչ մասից չի հասկացվում, թե ինչ են ցանկանում հայտնաբերել տվյալ տներում. «Մինչդեռ դատարանը, երբ տալիս է թույլտվություն, ապա պետք է հստակ նշի՝ թույլատրում է ինչ իրեր, առարկաներ կամ ում փնտրել։ Քննիչներն ու Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել 4 տներում եւ օժանդակ շինություններում, ընդ որում, տեղյակ չէին, թե տվյալ տունը, որ մտնում էին՝ ո՞ր հասցեի տունն է, եւ արդյո՞ք իրենք ունեին թույլտվություն այդ հասցեում խուզարկություն իրականացնելու։ Նրանք ընդհանրապես խուզարկություն իրականացնելու իրավունք չունեին։ Արձանագրությունների մեջ նշված է, թե իրենք չգիտեն՝ որ հասցեներն են, ըստ հայտարարությունների են մտնում այդ հասցեները»։
Փաստաբան Սահակյանը նշեց, որ որոշման բովանդակային մասում ինչ-որ քրեական գործերն են նշված. «Ընդհանրապես չի բացատրվել, թե ինչ առնչություն ունի Արամ Վարդանյանը դրանց հետ, ինչ-որ ենթադրությունների հիման վրա, ինչ-որ անձանց ենթադրությունների վրա է, որ հնարավոր է դրա հետ ինքը կապ ունենա։ Մենք այդ անձանց գիտենք, գիտենք նրանց առնչությունը որոշակի անձանց հետ, նրանց շահագրգռվածությունը նման ենթադրություններ անելու»։
Լուսինե Սահակյանը հայտնեց, որ իրենք քննիչներից կրկին պահանջել են ձերբակալման որոշումը, որպեսզի փաստաբանները հասկանան Արամ Վարդանյանի կարգավիճակը, սակայն այն չի տրամադրվել.
«Որոշման բովանդակային մասից երեւում է, որ դատարանին էլ ոչինչ չի տրամադրվել։ Ինձ համար արդեն ակնհայտ է, որ նման որոշում գոյություն էլ չունի։ Եթե նման որոշում լիներ, ապա այն պիտի տրամադրվեր Արամ Վարդանյանի փաստաբաններին»։
Նա հայտնեց, որ այսօրվա խուզարկության արդյունքում քննիչները վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող բազմաթիվ տեսաերիզներ, որոնք, ըստ Սահակյանի, քրեական գործի հետ որեւէ առնչություն չունեն. «Մենք առարկել ենք, որ դուք իրավունք չունեք դրանք առգրավվելու, հատկապես, երբ դատարանն էլ դա չի նշել»։
Սահակյանն ասաց, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։
«Այս որոշման բովանդակային մասում դեռեւս ամիսներ առաջ նման հաղորդում եղել է նույն անձանց կողմից։ Տարբեր քրեական գործերով հիմնավորվել է, որ այդ անձինք կեղծ մատնություններ են կատարում։ Շուտով կհրապարակենք այդ անձանց կապ որոշակի անձանց հետ։ Եթե Ոստիկանությունը լիներ իր դիրքում, շատ հանցագործություններ չէին կատարվի այդ անձանց կողմից։ Սպանություն, որը կատարվեց, չէր կատարվի, սպանության փորձեր, որոնք կատարվել էին, չեն կատարվի։ Ինչ-որ անձինք հաղորդումներ են տվել, որոնք ենթադրել են, որ հնարավոր է՝ ինքը առնչություն ունենա դրա հետ։ Մենք շուտով կրապակենք տեսանյութերը եւ կհայտնենք, թե իշխանությունները ինչ են ուզում Արամ Վարդանյանից»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը պատմեց, որ այսօր խուզարկություն իրականացնող ոստկանների թվում էին նաեւ երեկ գործողություններ իրականացնող ոստիկանները, որոնք պնդել են, թե երեկ այդ վայրում չեն էլ եղել. «Ասացին, թե DVR-ներն էլ իրենց կողմից չի առգրավվել»։
Լուսինե Սահակյանը հաստատեց այն լուրը, որ Արամ Վարդանյանի մայրը տեղափոխվել է հիվանդանոց. «Մայրը գիշերվա այդ բռնի գործողությունների ականատեսն է եղել եւ հիմա էլ, քանի որ այդ ամենը շարունակվում էր, մայրը տեղափոխվեց հիվանդանոց, որովհետեւ առողջական լուրջ խնդիրներ ունի»։
Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց Արամ Վարդանյանի տան խուզարկությունը, որին ներկա էր նաեւ Էրեբունու ոստիկանապետը։ Վարդանյանի տան 2 մուտքերը հսկում էին կարմիր բերետավորները։
Հիշեցնենք, որ երեկ գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:











