«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին դեմքով էլ չի ճանաչում, առնչություն չի ունեցել նրա հետ, իսկ ազատազրկման ժամանակ նրա աջակցությանը չի դիմել։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Գեւորգյանը։

«Ես նման աջակցության կարիք չեմ ունեցել, չունեմ եւ երբեք չեմ ունենալու։ Ես անազատության մեջ եղել եմ ընդամենը 72 ժամ, ընդհանրապես երբեւէ չեմ դիմել աջակցության համար: Նա ասել է, որ իբր ինձ հեռախոս են փոխանցել, չի եղել նման բան, ես 72 ժամվա ընթացքում ընդհանրապես հեռախոս չեմ տեսել, դրա կարիքը էլ չեմ ունեցել։ Իրենք իրենց սարքած գործից խայտառակ լինելով ինձ ազատ արձակեցին։ Աջակցության կարիք պիտի ունենային նրանք, ովքեր այդ գործը սարքել էին»,- ասաց պատգամավորը։

Նա ասաց, որ իր փաստաբանը եղել է Վահե Գրիգորյանը, որը տեղյակ է ամեն ինչից։

Հարցին՝ այդ դեպքում ինչու է Արամ Վարդանյանը նման հայտարարություն արել, Հայկ Գեւորգյանն ասաց, որ չգիտի. «Չգիտեմ այդ հայտարարության նպատակը։ Ես իր հետ երբեք որեւէ առնչություն չեմ ունեցել։ Ես իրեն դեմքով անգամ չեմ ճանաչում։ Թող ինքը բացատրի, թե ինչու է նման բաներ ասում»

Դիտարկմանը, թե իրեն «նեղացրեն են» ազատազրկման մեջ լինելու ժամանակ, դրա համար էլ անհրաժեշտ է եղել Վարդանյանի միջամտությունը՝ պատգամավորը հերքեց. «Բացարձակ: Հրաշալի օրեր եմ անցկացրել: Այդ երեք օրը մենակ կերել եմ ու խմել եմ: Այդ ժամանակ թերթում խիստ ռեժիմով էին աշխատում, ու ես, փաստորեն, արձակուրդ գնացի։ Դուրս գալուց հետո շնորհակալություն եմ հայտնել Վովա Գասպարյանին՝ ինձ 3 օր արձակուրդ տալու համար»։

Հարցին՝ տեղյա՞կ է Վարդանյանը երբեւէ աջակցել է Փաշինյանին՝ Գեւորգյանն ասաց՝ տեղյակ չէ։

Այն որ լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատում է Արամ Վարդանյանի հայտարարությունը, թե Հայկ Գեւորգյանին հեռախոս են տվել, ասաց. «Գոհար Վեզիրյանը անձամբ ինձ լսե՞լ է հեռախոսով։ Ես չգիտեմ՝ ինչ կոնստրուկցիաներ են կառուցում. նման բան չի եղել։ 

Հարցին՝ ինքն ինչպե՞ս կգնահատի իրավապահ մարմինների՝ Արամ Վարդանյանի տանը երեկ եւ նախորդ օրվա գործողությունները, Հայկ Սարգսյանն ասաց. «Այդ հարցն ինձ չի ուղղված։ Ես տնտեսական հանձնաժողովի անդամ եմ։ Ես այդ մասնագետը չեմ, գործի մանրամասներին էլ ծանոթ չեմ»։

Հիշեցնենք, որ hraparak.am-ի հետ զրույցում Արամ Վարդանյանը պատմել էր, որ նախկինում երբ Նիկոլ Փաշինյանը եւ Հայկ Գեւորգյանը գտնվել են ազատության մեջ ինքն է օգնել նրանց. «Ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Կարող են հարցնել նաեւ Հայկ Գեւորգյանին՝ իրենց ներկայիս պատգամավոր, որ նախկինում Փաշինյանի թերթի լրագրողն էր։ Էլի նույն անձանց միջոցով՝ Շողեր Մաթեւոսյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլն, միջնորդել են, որ օգնեմ։ Էլի ինչ-որ խնդիրների մեջ էր ընկել Հայկը, ու ես էլի իմ խորհուրդներով, ուրիշ ինչ-որ դրսեւորումներով օգտակար եղա, ու հիմա էս մարդիկ էս ձեւով երեւի ուզում են իրենց «պարտքը» տան ինձ»։

Հիշեցնենք, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, ըստ Արամ Վարդանյանի փաստաբանների՝ հարյուրավոր ոստիկաններ, ներխուժել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն, բերման ենթարկել տանը գտնվող անձանց, երկուսը ձերբակալված են:

«Հրապարակ». «Ժամանակին օգնել եմ Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գեւորգյանին, երբ նրանք անազատության մեջ էին»