Մենք «ԱՅՈ»-ի շտաբի հետ կապ չունենք եւ չենք կարող ունենալ, ավելին՝ ամեն ինչ անում ենք, որ բացառենք իշխանությունների առաջ քաշած կեղծ օրակարգի առաջմղումը: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ այսպիսի գործողություններին է վերաբերում նաեւ բոյկոտելու ձգտումը կամ նրան հասնել, որ հանրաքվեն չկայացած ճանաչվի:
«Մենք հանրաքվեի վերաբերյալ մեր դիրքորոշումն արդեն բարձրաձայնել ենք, եւ այն չի փոխվել: Դա կեղծ օրակարգ է, եւ հանրությանը կոչ ենք անում չդառնալ դրա մասնակիցը, քանի որ այն ոչ մի կերպ կապված չէ մեր ժողովրդի եւ պետության իրական խնդիրների հետ: Օրինակ՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով զբաղվելու փոխարեն, իշխանությունները «թիթեռներ են նկարում», այն դեպքում, երբ հայտարարված տնտեսական աճը, որը տոտալիզատորների գործունեության եւ ավտոմեքենաների ներկրման հետեւանք է, քաղաքացիներն իրենց վրա չեն զգում: Դրանից բացի, չկան արտասահմանյան ներդրումներ, չկան լուրջ համակարգային փոփոխություններ»,- նշեց Սաղաթելյանը:
Նա չբացառեց, որ իրենց կուսդակցությունն ապագայում կարող է հանրահավաք կազմակերպել: Այն դիտողությանը, թե Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք կոալիցիայի մեջ էր, Սաղաթելյանը պատասխանեց, որ դա արվել է որոշակի նպատակով, ինչի մասին արդեն շատ է ասվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված է Սահմանադրության մեկ հոդվածի հանրաքվե: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, այդ թվում՝ ՍԴ նախագահի, նրանց անվանելով նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ: Փաստացի բոլոր քաղաքական ուժերը, բացի իշխող «Իմ քայլը» դաշինքից եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսից, հրաժարվել են այս գործընթացին մասնակցելուց՝ այն անվանելով, մեղմ ասած, իրավաբանորեն խոցելի: Պատասխանը հաստատական կհամարվի ոչ միայն քվեարկածների կեսի «ԱՅՈ» ասելու դեպքում, այլեւ ընտրացուցակների մեջ մտած ընտրողների ոչ պակաս քառորդ մասի, այսինքն՝ մոտ 650 հազար մարդու:











