Որոշել եմ խրախուսական որեւէ պատվոգրով անպայման պետք է պարգեւատրել մեր առաջին ախտորոշված պացիենտին, որը ըստ էության, իր բարձր գիտակցությամբ, շատ լուրջ ծառայություն մատուցեց եւ օգնեց, որ վարակը շատ չտարածվի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո:
«Ամենամեծ շնորհակալությունը պետք է ուղղենք մեր բուժաշխատողներին, առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբին, հանձնաժողովին, որոնք օրուգիշեր աշխատել են: Իհարկե, այս հատվածում ուզում եմ ընդգծել մեր բուժաշխատողներին, որոնք առաջնագծում են, Աշխատանքի եւ առողջապահության տեսչության աշխատակիցներին, որոնք անցագրային կետերում արդեն մոտ երկու ամիս աշխատանքներ են իրականացնում»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ նաեւ քննարկում են տնտեսական միջոցառումները, թե ինչ պետք է ձեռնարկել տնտեսությանմեջ դինամիկան չկորցնելու համար. «Այսօր ժամը 12-ին այդ ուղղությամբ եւս մեկ նիստ տեղի կունենա»:











