Դիլիջանի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մարտի 9-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 41-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ եւ իր մոտ մշտապես պահում եւ օգտագործում է թմրամիջոց:

Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողը նշված փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 9 ներարկիչ, ներարկման համար նախատեսված 9 սրվակ թորած ջուր, նույնքան «Սուլֆոկաին», «Դիմեդրոլ», «Նաֆթիզին» գրառմամբ դեղամիջոցներ, առանց գրառման 49 դեղահաբ եւ թմրանյութի պատրաստման այլ պարագաներ:

Ավելի ուշ ոստիկանները պարզեցին, որ կասկածվողը բերման ենթարկվելիս աննկատ նետել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ամֆետամին թմրամիջոց, որը նշված վայրում նույնպես հայտնաբերվեց:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաեւ Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկված տղամարդուն ամֆետամին թմրամիջոցը վաճառել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի 50-ամյա մի բնակիչ:

Մարտի 11-ին, դատարանի որոշմամբ, նրա տանը եւ կից օժանդակ կառույցներում կատարված խուզարկությամբ ավտոտնակից հայտնաբերվեց 3 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման չորացված զանգված, 5 ներարկիչ, 3 փաթեթ նմանատիպ սուր հոտով զանգված, նաեւ ոսկերչական կշեռք հայտնաբերվեց անասնագոմում:

Հիշյալ քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաեւ թմրանյութը գնած 41-ամյա տղամարդու տունն ու օժանդակ կառույցները: Խոհանոցի պահարանից հայտնաբերվեցին դեղնավուն հեղուկով ներարկիչ եւ փայլաթիթեղի մեջ փաթեթավորված սպիտակ նյութեր: Նշվածից զատ, մարտի 12-ին, քննչական փորձարարության ժամանակ, 41-ամյա տղամարդը ննջասենյակի պահարանից ներկայացրել է 4 փայլաթիթեղի մեջ փաթեթավորված սպիտակ զանգված եւ հայտնել է, որ ներկայացվածը ամֆետամին թմրամիջոց է:

Հայտնաբերվածները առգրավվել, փաթեթավորվել եւ կնիքվել են: Նշանակվել են փորձաքննություններ:

Բերման ենթարկված 41 եւ 50-ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: