Թե պատմական, թե իրավական առումով այս տարածքները պատկանում են արցախահայությանը, Արցախում ապրող ժողովրդին եւ միշտ էլ պատկանելու են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախ հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախյան խնդրի կարգավորման համատեքստում, որո՞նք են այն կարմիր գծերը, որոնցից այս կողմ պաշտոնական Ստեփանակերտը չպետք է նահանջի։

Նրա խոսքով՝  տարածքները բանակցությունների սեղանին քննարկման դնելու մասին խոսակցություններն իրականությունից շատ հեռու են․ «Թե մինչեւ 1920 թվականի, թե 1988-1991, 1991-1994 թվականների իրադարձությունները, թե 2016 թվականի ապրիլը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ռազմական ճանապարհով Արցախի հարցը չի լուծվելու, բացառվում է»։

Բալասանյանը չբացառեց, որ Ադրբեջանը հնարավոր է կրկին բախումների գնա․ «Տարածաշրջանը պայթունավտանգ է, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ կամ միջնորդությամբ Ադրբեջանը կարող է սկսել ոտնձգություններ, բայց համոզված եմ, որ ռազմական ճանապարհով չեն կարող այդ հարցի լուծումը տալ։ Հիմա քննարկվում է Արցախում համատեղ բնակության հարցը, ինչի մասին վերջին ժամանակներում մենք բարձրաձայնել ենք, իսկ ՀՀ քաղաքական իշխանությունը հերքում է հատկապես իմ ասածները, բայց չի ասում, թե որն է այն փաստաթուղթը, որը դրված է բանակցային սեղանին։ Ես հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում, պնդում, որ քննարկվում է այդ հարցը»։

Բալասանյանի խոսքով իր համար անընդունելի է «անվտանգության գոտի» եզրույթը․ «Ես չեմ հասկանում ՀՀ քաղաքական իշխանության վերջերս արած հայտարարությունը, թե մենք տարածքային խնդիրներ չունենք, մենք անվտանգության խնդիր ունենք։ Մեր անվտանգության խնդիրը մեր տարածքն է՝ 12 հազար քառակուսի կիլոմետրը, եւ դա ամենակարեւոր փաստն է մեզ համար։ Ես չեմ հասկանում այլ՝ անվտանգության գոտի, բուֆերային գոտի, տարբեր բառակապակցությունները, որոնք հնչեցվում են։ Որպես պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատար, մենք որեւէ տարածք չենք ազատագրել, նպատակ հետապնդելով, որ այն լինելու է մեր անվտանգության գոտին, շահարկման կամ առեւտրի առարկա»։