Քրեական օրենսգրքում 177.1 հոդվածում առաջարկվող «զանգվածային հիվանդացում» արտահայտությունն ի՞նչ է նշանակում, պետք է կոնկրետ թիվ նշվի, իսկ հիվանդացում բառը պետք փոխարինել վարակել բառով։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այդ դրույթները գնահատման ենթակա են. «Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը բացարձակ չէ եւ առանձին դրույթներ կարող են ձեւակերպվել այնպես, որ չեն կարող բացառել պրակտիկայում դրանց շրջանակի որոշումը»։ Նա հավելեց, որ այս փոփոխություններով վարչական վարույթն իրականացնելու է ոստիկանությունը։
Մարուքյանը էլի հարցեր ուներ։ Մասնավորապես, նա նկատեց, որ մամուլի մասով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանվում է. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով»: Երբ այստեղ արտակարգ դրություն հայտարարելու հարցն էինք քննարկում, վարչապետն այստեղից հայտարարեց, որ սահմանափակումները չեն վերաբերվում քննադատություններին, վերաբերում են միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին։ Էս օրերի ընթացքում մենք տեսնում ենք, որ պարետատունը սահմանափակումներ է մտցնում խուճապը տարբեր ձեւերով մեկնաբանելով։ Ասում են՝ ձեր այսինչ մեկնաբանությունը խուճապ է հարուցում եւ պարտադրում են հեռացնել գրառումը։ Հիմա էլ տուգանելու են։ Սա պրոբլեմ է, ես միանում եմ խմբագիրների հայտարարությանը, որ սա ոչ իրավաչափ սահմանափակում է մտցնում մամուլի գործունեության առումով։ Եթե պարետատուն այսպես է շարունակելու, սա շատ մտահոգիչ է»,-հայտարարեց Մարուքյանը։
Փոխնախարար Վահե Դանիելյանն արձագանքեց, որ եթե օրինակ հայտարարվում է, որ պարենը Հայաստանի համար բավարար չէ, դա նույնպես կարող է խուճապ առաջացնել, մարողն են մարդիկ մտածել, որ կարող է սով սկսվել եւ մարդիկ համատարած կսեն գնալ գնումներ կատարել։











