Հայաստանում ապրիլի 13-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով, ընդհանուր առմամբ՝ ապրիլի 13-ին հաստատվել է կորոնավիրուսի 1039 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 814 անձ, վերջին մեկ օրում, ավելացել է 11-ով: Ապաքինվել է 211 մարդ,  վերջին մեկ օրում՝ 14-ը, 14 պացիենտ մահացել է:

Արտահերթ նիստում   30 օրով երկարաձգել է Հայաստանում արտակարգ դրության գործողության ժամկետը, այն կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17-ը: Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  նշել է, որ ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

Կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս փոխվարչապետ, պարետ  Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ վիրուսի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն: Հասարակություններն, ըստ նրա,  կանգնած են երկընտրանքի առջեւ՝ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից եւ դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձեւավորելով դիմադրողականություն եւ հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ ունենալով ավելի մեծ թվով զոհեր: Երկուսն էլ ունեն իրենց գինը, երկրների մեծ մասը գնում է առաջին ճանապարհով՝ չբացառելով, որ կարող է անցնել երկրորդ տարբերակին,- ասել է Ավինյանը:

Պարետ Ավինյանը ներկայացրել է նաեւ առողջապահական համակարգի հնարավորությունների վիճակագրությունը։ Ավելի խստացված սահմանափակումները պետք է շարունակվեն մինչեւ արտակարգ դրության առաջին ժամկետի ավարտը եւ պահպանվել ապրիլի ընթացքում: Հանրային եւ միջմարզային տրանսպորտը շարունակելու են մնալ արգելված, անհատ քաղաքացիները տեղաշարժը շարունակելու է մնալ սահմանափակված, օտարեկրացիների մուտքը շարունակելու է մնալ արգելված:

Հայկական բանակի 6 զինծառայողները կորոնավիրուսից ապաքինվել են եւ դուրս գրվել, ճեպազրույցում հայտնել է Զինված ՈՒժերի բուժվարչության պետ Սահակ Օհանյանը: Ինչ վերաբերում է մեկուսացվածների եւ հիվանդների թվին, Սահակ Օհանյանը նպատակահարմար չի համարել այդ տվյալների  հրապարակումը: «Կասեմ միայն, որ նրանք փոքրաթիվ են»,- հավելել է  վարչության պետը:

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:

Արցախի հանրապետությունում կիրակի մեկ ամսով հայտարարվել է արտակարգ իրավիճակ, որը կտեւի մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22-ը։ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, ստեղծվել է պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժը Արցախում խիստ սահմանափակվել է, դասերը հետաձգվել են, Բանակի զորանոցներ ելումուտը նույնպես խիստ սահմանափակ է։

Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի։ Այս մասին երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու առիթով հղած ուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ըստ նրա՝ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը ինքնին կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետեւանքներով:

Արմավիրի մարզում կորոնավիրուսով  վարակվածների թիվը 83 է: Այս մասին  NEWS.am-ին հայտնել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Նա ասել է, որ իրենք ըստ համայնքների վարակվածների վիճակագրություն չեն ներկայացնում, քանի որ այն հակառակ էֆեկտն է ունենում: Ըստ նրա, գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են նույն թափով:

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կա կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ Տեղեկացրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ այս միջոցառման  նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մի խումբ անձանց:

200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից, քանի որ  շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել։ Այս մասին իր հոդվածում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Այս ծրագրից, ըստ նրա, օգվելու են նրանք, ովքեր գազ եւ հոսանք չեն սպառել, հետեւաբար զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 114 272-ի: Վարակված է 1միլիոն 854 հազար մարդ, ապաքինվել է 428 հազարը, 51 հազարի  վիճակը գնահատվում է ծանր կամ կրիտիկական: ԱՄՆ-ն արդեն առաջին տեղում է թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի թվով. վերջին տվյալներով՝ Նահանգներում արդեն վարակվել է 560 433 մարդ, իսկ 22 115-ը մահացել է: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իսպանիան է, երրորդ տեղում՝ Իտալիան:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով, քանի որ Գրիգորյանին հնարավորություն չի տրվել բուժումը շարունակել արտասահմանում, հետեւանքների ողջ պատասխանատուն այլեւս Հայաստանի Հանրապետությունն է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 4.65 դրամով ու կազմել 486.53 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.58 դրամով ու կազմել  532.02 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.49 դրամով ու կազմել 608.36 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով ու կազմել 6.60 դրամ։

Ապրիլի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերային ժամերին կբարձրանա 7-9, ցերեկային ժամերին` 5-7 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 +1, վաղը ցերեկը` +14 +16 աստիճան տաքությունը: