Իշխանությունը այս օրենքը մեկնաբանում է այնպես, ինչպես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը. վաղը մյուս օրը քրեական գործեր են լինելու, թույլ տվեք պատգամավորներն՝ այցելել ձեզ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքում եւ Քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթին։
«Ինչ-որ տեղ ուրախ եմ, որ մեր գործընկերներն ուզում են մերժել այս նախագիծը, որովհետեւ եթե մերժեք, ապա այն կմնա նախկին տեսքով։ 2004 թվականից մինչեւ 2012 թվականը ես հանդիսացել եմ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ կալանավորվա անձանց պահելու վայրերում դիտորդական խմբի անդամ։ Դիտորդական խումբն անարգել մուտք ունի այնպես, ինչպես նորմում նշված է պատգամավորների համար։ Հանդիսացել եմ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում դիտորդական խմբի անդամ, կարճ ժամանակ էլ եղել եմ այդ խմբի նախագահը։ 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերից հետո ՀՀ ՔԿՀ-ներում, այդ թվում՝ ԱԱԾ մեկուսարանում հայտնվեցին մեր այսօրվա գործընկերները՝ Սասուն Միքայելյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ էլի շատ պատգամավորներ ու քաղաքական գործիչներ։ Եվ այդ դիտորդական խումբն այդ նույն նորմով այցելում էր բանտերում գտնվող քաղաքական գործիչներին եւ պատգամավորներին, ում նկատմամբ քննիչները կայացրել էին որոշում՝ տեսակցության արգելքի։ Այն ժամանակված գործող Արդարադատության նախարարը չէր մեկնաբանում այնպես, ինչպես այս նորմը մեկնաբանվում է»,- ասաց Մարուքյանը։
Նա նշեց, երբ Հրայրը Թովմասյանը Արդարդատության նախարար էր այդ նորմը մեկնաբանում էր այնպես, ինչպես «Իմ քայլը» խմբակցության անդամները. 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ահավոր բան տեղի ունեցավ երկրում, նախագահի հրամանով Հրայր Թովմասյանը նշանակվեց Արդարադատության նախարար։ Հրայր Թովմասյանն այս նորմը սկսեց մեկնաբանել այնպես, ինչպես հիմա մեկնաբանում եք դուք եւ Արդարադատության նախարարությունը։ 2010 թվականից սկսած, արդեն 10 տարի է, Հրայր Թովմասյանի նման մեկնաբանեցին նրանից հետո եկած նախարարները եւ հեղափոխությունից հետո նաեւ մեկնաբանում է գործող նախարարությունը եւ գործող քաղաքական մեծամասնությունը»։
Մարուքյանը պատմեց, երբ ինքն ու Նիկոլ Փաշինյանը փորձել են այցելել Ժիրայր Սեֆիլյանին, արգելք է եղել, որից հետո Փաշինյանը նախագիծ է ներկայացրել, որ պատգամավորները կարողանան այցելել կալանավորներին, որը, սակայն մերժվել է.
«Ես եւ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ գնացինք Ժիրայր Սեֆիլյանին այցելելու, արգելք կար, չթողեցին, որ տեսնենք։ Փաշինյանը բերց նախագիծ, քանի որ դուք մեկնաբանում եք, որ տեսակցել գրած չի, բա մտեք, ման եկեք ՔԿՀ-ում, կոֆե խմեք ու գնացեք։ Ես՝ ինքս Նիկոլին ասացի, որ էս դրույթը կիրառվել է, բայց ասաց՝ չէ, հստակեցման համար սա բերենք, որ ընդունվի ու էլ չկարողանան դա մեկնաբանել։ Բերեցինք՝ մերժվեց, հիմա էլի բերել ենք, որն էլի մերժվում է։ Ճիշտ է, որ մերժում եք, որովհետեւ այս գործող իրավակարգավորումը Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ է, որ մենք չենք կարող այցելել։ Ով որ այս նորմը մեկնաբանում է այդպես, ինձ համար Հրայր Թովմասյան է։ Եվ նա, ըստ ձեզ, ենթակա է հանրաքվեի միջոցով հեռացման։ Այն ժամանակ էլ ես եւ Փաշինյանը հանրապետականներին ասում էինք՝ վաղը մյուս օրն իշխանափոխություն կլինի, քրեական գործեր կհարուցվեն, ձեզ կնստացնեն, դուք կարիք կունենաք, որ մենք այցելենք ձեզ. ասում էին՝ չէ, դա չի լինի եւ մերժում էին: Հիմա ինչ եմ ուզում ասել, սա ինձ մոտ դերժավյու է առաջացնում, վաղը մյուս օրը էլի քրեական գործեր են լինելու, այդ քրեական գործերով ՔԿՀ-ներում մարդիկ են լինելու, հնարավորություն տվեք ձեզ այցելենք, այ ձեր ցավը տանեմ, թողեք գանք ձեզ տեսնենք, այ ձեր կյանքին ղուրբան լինենք, այ ձեր գլխին ղուրբան: Հիմա որ դուք չեք ուզում սա ընդունեք, մենք ի՞նչ անենք»։











