Ավստրալացի գիտնականները Նինգալուի մարջանի խութերում գտնվող ստորջրյա ձորերի մոտակայքում ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են մոլորակի ամենաերկար կենդանի արարածին` 45 մետրանոց սիֆոնոֆորի, հայտնում է RG-ն:
Դրա համար Շմիդտի օվկիանոսի ինստիտուտի աշխատակիցները ստիպված են եղել ստորջրյա ռոբոտի օգնությամբ 20 անգամ սուզվել մինչեւ 4500 մ խորություն եւ շուրջ 181 ժամ դիտումներ կատարել:
Արդյունքում նկարահանվել է Ապոլեմիա տեսակի հսկա սիֆոնոֆոր: Սիֆոնոֆորները փոքրիկ կենդանական գաղութներ են: Այս զարմանալի արարածներն ունեն պոլիմորֆիզմի եւ մասնագիտացման բարձր աստիճան, գաղութն ունի մի տեսակ օրգաններ, որոնք ապահովում են շարժումը եւ սնուցումը:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել խորքային ծովային ձկների եւ ծովային անողնաշարավորների 30 նոր տեսակների վերաբերյալ:
«Մենք կասկածում էինք, որ այդ խորքային տարածքները բազմազան կլինեն, բայց մեզ զարմացրեց այն, ինչ տեսանք»,- ասում է հետազոտական ծրագրի ղեկավարներից Լիզա Քիրքենդալը:
Գիտնականների կողմից հավաքված ստորջրյա ֆաունայի նմուշները կցուցադրվեն Արեւմտյան Ավստրալիայի թանգարանում:











