Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր Ջենի Մակգին, ով խնամում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին COVID-19-ով վարակված լինելու շրջանում, կիսվել է իր հիշողություններով, փոխանցում է BBC News-ը: Ըստ նրա` Բորիս Ջոնսոնը պարզապես եւս մեկ պացիենտ էր, ում համար նրանք փորձում էին անել հնարավոր ամեն ինչ:

Նորզելանդական TVNZ հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ չէր սպասում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր ուղերձում կնշի իր անունը եւ ցնցված էր դրանից:

Բուժքույրը շեշտել է, որ Ջոնսոնը որեւէ հատուկ բուժում չի ստացել, սակայն հաստատ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու կարիք ուներ:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում նրանց, ովքեր վերակենդանացման բաժին են տեղափոխվում, այն հիվանդներին, ովքեր գալիս են մեզ մոտ: Նրանք շատ վախեցած են, ուստի մենք եւս դրան թեթեւ չենք վերաբերվում»,- նշել է Մակգին: Նա պատմել է, որ մի քանի անգամ զրուցել է վարչապետի հետ, ով հետաքրքրվել է իր հայրենիքով:

Ըստ Մակգիի, ով ավելի քան 10 տարի աշխատում է վերակենդանացման բաժանմունքում` շատ դժվար է տեսնել, թե ինչպես են միայնակ հիվանդները հեռանում կյանքից: Բուժքույրը դա իր աշխատանքի «ամենատխուր» մասն է անվանել:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս  Ջոնսոնը տեսաուղերձով էր հանդես եկել, որի ընթացքում  հատուկ շնորհակալություն էր հայտնել իր կյանքը փրկած բժիշկներին: