Հայկական Rockbite Games ընկերությունը, որ միլիոնավոր հետեւողներ ունի ամբողջ աշխարհից, հեռախոսների համար նոր խաղ է թողարկում, որը մայիսի 6-ից հասանելի կլինի IOS եւ Android հարթակներում։ Sandship-ը ընկերության երկրորդ խաղն է, ու ըստ հեղինակների՝ գերազանցելու է միլիոնավոր խաղացողներ ունեցող՝ Deep Town խաղի հաջողությունը։
«Արձագանքն ու երկրպագուների քանակը խաղը դեռ չսկսած շատ ավելին է, քան Deep Town-ի ժամանակ։ Մենք փորձել ենք վերցնել մի ժանր, որ հայտնի է համակարգչային շուկայում եւ բերել հեռախոսային շուկա։ Եւ նույնիսկ դեռ դուրս չեկած՝ բավական լուրջ հաջողություններ է ունեցել խաղն արդեն։ Երբ խաղի թրեյլերն էինք ստեղծել, բավական արագ, առաջին օրերի ընթացքում տասը հազարից ավելի բաժանորդագրություն ստացանք։ Խաղի նախագրանցումը բացվելուց հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն հավաքեց մոտավորապես 30.000 նախագրանցում։ Մեզ հետ կապվել էին տարբեր մեդիաներ, գեյմ բլոգերներ, որոնք խնդրում էին, որ իրենց հնարավորություն տանք վիդեո պատրաստեն խաղից»,- NEWS.am-ին պատմեց ընկերության տնօրեն Ավետիս Զախարյանը՝ նշելով, որ դրանից հետո Sandship-ը մի քանի միջազգային մրցանակներ է շահել, իր կատեգորիայում որպես indie խաղ ճանաչվել լավագույններից, ներկայացվել համաշխարհային խաղային լավագույն ցուցադրություններին՝ այդ թվում Pax East-ին Բոստոնում։ Առաջիկայում խաղը պետք է ներկայացվեր նաեւ Sandbox-ին Տոկիոյում, որը, սակայն, չեղարկվել է պանդեմիայի պատճառով։
Խաղի վրա 20 հոգանոց թիմն աշխատել է շուրջ երկու տարի։ Այն ավարտին են հասցրել պանդեմիայի օրերին՝ աշխատելով տնից։ Խաղն առանձնահատուկ է նրանով, որ հենց առաջին թողարկման ժամանակ հասանելի կլինի նաեւ հայերեն, ինչն առանձնահատուկ է նման մասշտաբային խաղի համար, որի թողարկմանն արդեն հազարավոր մարդիկ են սպասում ամբողջ աշխարհից։
Միջազգային լսարան ունեցող Rockbite Games ընկերությունն իր առաջին հաջողության հասած խաղը՝ Deep Town-ը թողարկել է 2017 թվականին։ Խաղի տասնյակ միլիոնավոր օգտատերեր ունի ամբողջ աշխարհից, եւ մինչեւ օրս էլ հազարավոր անգամներ ներբեռնվում է ամեն օր։ Ընկերությունն իր աշխատանքը սկսել է մի քանի հոգանոց թիմից, երեւանյան փոքրիկ գրասենյակում, ապա ժամանակի ընթացքում ընդյալնել թիմն ու մի քանի չհաջողված փորձերից հետո ի վերջո ստեղծել Deep Town-ը, որը հաջողություն է բերել նրանց։
«Իմ կարծիքով՝ հաջողության հասնելու համար կարեւոր է չհանձնվելն ու ամեն քայլափոխին աչքի առաջ ունենալ այն նպատակը, որտեղ դու գնում ես, որպեսզի քո ոչ մի քայլ չհակասի քո նպատակին ու դու իմանաս, որ ցանկացած վայրկյան եւս մի քայլ ավելի մոտիկ ես քո նպատակին։ Եթե ինչ–որ բան հնարավոր է, դրան կարելի է հասնել, իսկ Հայաստանն էլ նույնիսկ շատ ավելի հարմար է դրան հասնելու համար»,- նշեց Ավետիս Զախարյանը։











