Բելառուսի նախագահը կորոնավիրուսի կանխարգելման նոր առաջարկություններ է հնչեցրել մայիսի 5-ին Մեքենայաշինության միացյալ ինստիտուտի փորձարկման հրաձգարան այցելության ժամանակ, հայտնում է Reform.by- ը:

Անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման թեմային` Լուկաշենկոն խոստովանել է, որ բելառուսներն իրենց հիմնականում պատասխանատու կերպ են դրսեւորում եւ հարգում են սոցիալական հեռավորության պահպանման կանոնները: Ընդ որում, նա ավանդաբար փոխաբերական կերպով է նկարագրել հեռավորության մասին իր պատկերացումները: Նրա արտահայտություններն արդեն մեմ են դարձել ByNet-ում:

«Եթե արդեն համբուրվել ես ինչ-որ մեկի հետ, շարունակիր համբուրվել: Եթե տղամարդ ես, մի գնա ուրիշ կնոջ մոտ: Դիմացիր մի ամիս: Եթե ընտանիքում ես, շարունակի մնալ ընտանիքում»,- բացատրել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Բելառուսի նախագահի այլ խորհուրդները եւս լայն տարածում էին ստացել. կամ կատակով, կամ լուրջ նա առաջարկել էր կորոնավիրուսի դեմ պայքարել տրակտորով, օղիով, չոր սաունայով, հոկեյով, կարագով, այծերով: