Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ խափանման միջոցը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:

Դատարանն արդեն լսել է պաշտպանական եւ մեղադրող կողմերին: Այսօր միջնորդության վերաբերյալ իր առարկություններն է ներկայացնելու տուժող կողմի ներկայացուցիչը:

Իր առարկությունները ներկայացնելով՝ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նախ հստակեցրեց, որ իր ներկայացրած բոլոր հղումներն ու փաստարկները որեւէ մեկին վիրավորելու կամ պատվին ու արժանապատվությանը դիպչելու նպատակ չեն հետապնդում, դա տեղեկատվություն է:

Եգորյանը որոշեց մանրամասն ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի անձնական որակները եւ այս նպատակով էքսկուրս կատարեց դեպի 2008 թվականի մարտի 1-ից շատ ավելի վաղ իրադարձություններ:

Փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց նման էքսկուրսի կապակցությամբ եւ նշեց, որ եթե այդպես լինի, կարելի է թվարկել, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչ է կառուցվել, եւ նա ինչ տեսքով է երկիրը հանձնել իր հաջորդին:

Եգորյանը պնդեց, որ իր բերած փաստարկներն անչափ կարեւոր են: Դատավորը նշեց բողոքի իրավաչափությունը, սակայն նկատեց, որ կարեւոր կլիներ պարզել, թե ինչ է մտածում իր վարքագծի մասին ինքը՝ Քոչարյանը, իսկ կողմերի կարծիքն իրեն հայտնի է գործից:

Հայկ Ալումյանը եւս մեկ բողոք հայտնեց դատավորի գործողությունների դեմ՝ խնդրելով կողմերին թույլ չտալ օգտագործել փաստարկներ, որոնք վերաբերում են չուսումնասիրված փաստերի:

«Եթե ես ամեն րոպե որեւէ մեկին չեմ ընդհատում, դա չի նշանակում, որ ձեզ չեմ լսում: Պարզապես չեմ ուզում, որ նիստն անվերջ շարունակվի: Ուստի թույլ եմ տալիս միտքն ավարտել, իսկ գնահատական տալու ժամանակ կօգտագործեմ իմ տրամադրության տակ եղած գործիքակազմը»,- նշեց դատավորը՝ Եգորյանին կոչ անելով օգտագործել այն փաստարկները, որոնք դատավորն իսկապես կարող է գնահատել:

Ինչ վերաբերում է նախկին նախագահին երաշխավորել պատրաստ անձանց հետ հարաբերություններին, ապա հարցեր են ծագում, որոնց պատասխաններ չեն տրվել, կարծում է Եգորյանը: Նրա կարծիքով՝ կարեւոր հարց է՝ արդյո՞ք Քոչարյանը կլսի այդ անձանց կարծիքը, արդյո՞ք նրանց հեղինակությունը բավարար է նախկին նախագահի աչքերում, թե՞ հակառակը: Ինչ վերաբերում է երաշխավորողների հեղինակությանը, Եգորյանն ասաց, որ տվյալները (առաջին ատյանի դատարանում) ներկայացնելիս ամենեւին չի փորձել ինչ-որ կերպ վիրավորել նրանց: Ուստի Եգորյանը կրկին կրկնեց Անուշավան Դանիելյանի հետախուզման եւ Ռոբերտ Քոչարյանի հովանավորության մասին պատմությունը:

Հայկ Ալումյանը կրկին բողոք հայտնեց. կրկին հղում է կատարվում դատարանում չուսումնասիրված հանգամանքներին: Փաստաբանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանում գործընկերը ինչ-որ ռուսալեզու (առանց թարգմանության) հոդված էր ներկայացրել, որը լույս էր տեսել ղրիմյան թերթում: «Ես հղում չեմ կատարում այն տեղեկություններին, որոնք դատարանը չէր կարող ստուգել»,- առարկեց Եգորյանը: Դատավորին դուր չեկավ Եգորյանի գործածված տերմինաբանությունը, եւ նա հետաքրքրվեց, թե որ իրավական ակտին է նա հղում կատարում եւ որտեղից է տեղեկատվության աղբյուրը: «Այո, կարեւոր է, որպեսզի երաշխավորողները հեղինակություն ունենան հասարակության մեջ եւ գնահատեն այն: Բայց ես ուզում էի հասկանալ, թե ինչ փոխհարաբերություններ են կապում նրանց պարոն Քոչարյանի հետ, եւ ինչ է նա մտածում նրանց մասին»,- ասաց դատավորը՝ նշելով, որ նախօրեին փաստաբան Արամ Վարդեւանյանի կողմից տեղեկանք էր ներկայացվել, ընդ որում, դրանում մեծ տեղ են զբաղեցրել քաղվածքները Քոչարյանի կողմից քրեական հետապնդումից շատ առաջ գրված գրքից: Դատավորի հարցին՝ կան արդյոք Դանիելյանին վերաբերող փաստաթղթեր, պատասխանը եղավ, որ կան հրապարակումներ:

Այնուամենայնիվ, Եգորյանը խոստովանեց, որ չի տիրապետում միջազգային հետախուզման վերաբերյալ փաստերին: «Դա կարեւոր չէ»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ կարեւորն այն է, որ Քոչարյանը մատների արանքով է նայել դրան, քաղաքացիություն է շնորհել եւ վարչապետ է նշանակել: «Ձեր կարծիքով՝ սա խոսում է ընկերակա՞ն հարաբերությունների մասին, ինչում մեզ փորձել է համոզել պաշտպանության կողմը, թե՞ հակառակը»,- հետաքրքրվեց դատավորը: «Դուք այլ տեսանկյունից նայեք: Ես խոսում եմ ապօրինի գործողությունների համար ռեսուրսի օգտագործման մասին»,- հայտարարեց Եգորյանը: «Ես հասկացա Ձեզ: Խոսքը մե՞ր երկրի, թե՞ այլ պետության կողմից հետապնդման մասին է»,- շարունակեց դատավորը: Պարզվեց, որ ամեն դեպքում՝ այլ պետության՝ Ուկրաինայի: Եգորյանը պարզաբանեց, որ Դանիելյանը նույնիսկ ստիպված էր եղել փոխել իր ազգանունը՝ քննությունից թաքնվելու համար: «Ադրբեջանը Ղարաբաղ այցելած բոլորի նկատմամբ հետախուզում էր հայտարարում: Մտածեք այդ մասին»,- հիշեց դատավորը՝ առաջարկելով հանգիստ թողնել միջազգային հարաբերությունների թեման: Ամփոփելով միտքը՝ Եգորյանն ասաց, որ Դանիելյանը պատրաստ է օգնել Քոչարյանին՝ ելնելով վերը նշվածից:

Եգորյանի խոսքով՝ Խոսրով Հարությունյանի համար մեծ մինուս է նրա հարցազրույցն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը կեղծված է: «Այսպիսի վերաբերմունքով գործընթացին նա ներկայանում է դատարան եւ որպես երաշխավոր է հանդես գալիս»,- հայտարարեց Եգորյանը: Ըստ նրա՝ Հարությունյանն Ազգային ժողովի խոսնակ դարձավ այն պահին, երբ Քոչարյանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը եւ պատրաստվում էր մասնակցել նախագահական ընտրություններին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հարությունյանին խոսնակ դարձրեցին, եւ նրա առաջին պաշտոնական հայտարարությունը նախագահական լիազորություններից հրաժարվելն էր Քոչարյանի օգտին:

«Եվ սա եւ՞ս չի խոսում ընկերական հարաբերությունների եւ անցած ուղու մասին»,- հարցրեց դատավորը: Որոշակի փուլում դատավորի եւ փաստաբանի միջեւ երկխոսությունն ընթանում էր այնպես, որ Եգորյանը փորձեց հարցեր ուղղել դատավորին: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բողոք հայտնեց՝ հայտարարելով, որ դատավորի հարցերում հակասություններ կան: Ըստ նրա՝ պաշտպանական կողմը ներկայացրեց իր տեսլականը, ի դեպ՝ նույնպես չամրացնելով դրանք փաստերով: Որպես օրինակ՝ դատախազը նշեց, որ մտադրություն չունի բողոքարկել Վազգեն Մանուկյանի դերի եւ հեղինակության վերաբերյալ պաշտպանական կողմի առաջադրված պնդումները:

Խոսքի իրավունք խնդրեց տուժածի իրավահաջորդ Քլոյանը՝ հայտարարելով մարդկանց սպանություննեի մասին: Ի պատասխան դատավորը նշեց, որ սպանություններ շատ կարող էին լինել, այլ հարց է, թե ինչ առնչություն ունեն դրանք գործի հետ:

Վազգեն Մանուկյանի անձի վերաբերյալ դատախազի դիտարկմանն արձագանքեց փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ շեշտելով, որ Մանուկյանի դերի մասին պետք է հայտնի լիներ երկրի պատմությունից, իսկ նա խոսում էր բացառապես Քոչարյանի եւ Մանուկյանի հարաբերությունների մասին: «Դատախազը առարկեց հարցի եւ պատասխանի ձեւաչափին: Սակայն երեկ հանդիպումն ընթանում էր նույն ձեւաչափով, եւ դատախազը առարկություններ չուներ»,- հիշեցրեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Շարունակելով երկխոսությունը՝ դատավորը փորձեց հիշեցնել վերջին հարցը, որի ժամանակ քննարկումն ընդհատվեց: Փաստաբանը արձագանքեց «Հիշում եմ, հիշում եմ» բառերով: «Երեկ աղջիկս երկու ամսական դարձավ: Սակայն ես այնքան տարված էի նիստով, որ առաջարկում էի շարունակել՝ բոլորովին մոռանալով, որ ինձ պետք է գոնե քնեցնելուց առաջ ասել նրան՝ «շնորհավորում եմ, աղջիկս»: Ուզում եմ ասել, որ մենք բոլորս մարդ ենք»,- պարզաբանեց դատավորը:

Եգորյանը շարունակեց թվարկել Խոսրով Հարությունյանի մեղքերը, ընդ որում, ամենակարեւորն այն է, որ նա գործընթացն անօրինական է համարում, իսկ հետապնդումները՝ քաղաքական: Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի անձին՝ Եգորյանը հայտարարեց, որ նրա կախվածությունը  Քոչարյանից այդ թվում ֆինանսական է: Եգորյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի ստեղծած ակումբը ֆինանսավորվում է Քոչարյանի երեխաների կողմից: Սա ավելի կարեւոր է դառնում, շարունակեց Եգորյանը, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին Մանուկյանը բացասական կարծիք ուներ Քոչարյանի մասին: Եգորյանը մի քանի մեջբերում արեց, որքան էլ տարօրինակ է, վերջին շրջանից՝ Քոչարյանի ձերբակալության անթույլատրելիության մասին: Ավելի վաղ շրջանի մեջբերումները, որոնք, ըստ փաստաբանի, հաստատում են Քոչարյանի նկատմամբ Մանուկյանի բացասական վերաբերմունքը, Եգորյանը մեջբերեց՝ առանց աղբյուրները նշելու: Վերջապես հասնելով Կարեն Կարապետյանին՝ Եգորյանը հայտարարեց, որ նրան եւ Քոչարյանին տնտեսական հարաբերություններ եւ համատեղ ծրագրեր են կապում, իսկ Քոչարյանի աչքերում նրա հեղինակությունը բավականին ցածր է:

Մի քանի ժամ շարունակ Եգորյանը մանրամասն ներկայացրեց իր կարծիքը նախ երաշխավորողների անձերի վերաբերյալ, ապա հերքելով պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները: Եգորյանի կարծիքով՝ մի գործի շրջանակներում նույն մեղադրանքով ամբաստանյալների հավասարության սկզբունքը տվյալ դեպքում կիրառելի չէ: Կարգավորման բացակայությունը հիմք է տալիս պնդելու, որ վերահսկող մեխանիզմի բացակայության համար գրավը չի կարող չեզոքացնել Քոչարյանին ազատելու հետ կապված ռիսկերը, շարունակեց Եգորյանը՝ շեշտելով, որ ոչ մի խափանման միջոց, ազատազրկումից բացի, չի կարող բացառել ազդեցության ռիսկերը, իսկ դրանց բազմազանությունն այնքան մեծ է, որ անհնար է թվարկել: Որպես անձնական երաշխավորության անթույլատրելիության մասին փաստարկ՝ Եգորյանը բերեց Սամվել Մայրապետյանի օրինակը: Նա հիշեցրեց Գագիկ Խաչատրյանի որդու հայտարարությունը կեղծված գործընթացին մասնակցել չցանկանալու մասին: Իսկ Յուրի Խաչատուրովի ցուցմունքներն ընդհանրապես պայմանավորված են Քոչարյանի կողմից «ակտիվ հիշեցմամբ», հայտարարեց Եգորյանը: «Ցանկանում եմ, որպեսզի դատարանը հաշվի առնի, որ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ: Նա հրաժարվել է դատավարական կարգով ֆիքսել այն, ինչ ասում է հայտարարությունների մակարդակով»,- հայտարարեց Եգորյանը՝ հավելելով, որ սա եւս վատ է բնութագրում ամբաստանյալին՝ վկաների վրա ճնշման ռիսկերի առումով: Վերջին հայտարարությունն առաջացրեց դատավորի տարակուսանքը, ով հիշեցրեց, որ ցուցմունքներ տալուց հրաժարվելը չի ​​կարող այդպես գնահատվել: Բացատրելով իր միտքը՝ Եգորյանը նշեց, որ ի նկատի ուներ հրաժարվելը դատական կարգով գրանցել ապացույցները, որոնք կարող են սահմանափակել իրեն:

Առանց կազուսի գործը չավարտվեց: Գործով տուժած Սերոբ Գրիգորյանը պնդում էր, որպեսզի մասնակցի եւ ցուցմունքներ տա Նիկոլ Փաշինյանը: Գրիգորյանի ելույթը ուղեկցվեց Սեդա Սաֆարյանի ռեպլիկներով: Ըստ Գրիգորյանի՝ նա դիմել է վարչապետին եւ դատավոր Աննա Դանիբեկյանին պատճառված վնասի փոխհատուցման համար: Դատավորը հիշեցրեց, որ քննարկման թեման այլ է: Քննարկման առարկայի հետ կապված Գրիգորյանի դիրքորոշումը կայանում էր նրանում, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ ընդհանրապես չի ազդի գործընթացի վրա: «Ինձ ոչ տաք է, ոչ սառը: Ես ճշմարտության կողմնակից եմ»,- հայտարարեց Գրիգորյանը:

Խոսք վերցնելով՝ Հայկ Ալումյանը նշեց, որ Եգորյանը մի շարք հանգամանքներ հնչեցրեց, որոնք գործի մեջ չկան եւ գործի հետ կապ չունեն, հաստատված եւ ուսումնասիրված չեն: «Հիշատակվել է նույնիսկ Գագիկ Խաչատրյանի որդու հայտարարությունը եւ Սամվել Մայրապետյանի հեռանալը, որի հանգամանքները մենք այստեղ չենք կարող քննարկել»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ մարդկանց վրա «գործի շահերի համար» կեղտ են լցնում՝ առանց որեւէ իրավական հետեւանքների: Սա անընդունելի է՝ ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսակետից»:

Փաստաբանի խոսքով՝ փորձառու փաստաբան Եգորյանը այս կերպ է գործում «հանրության առջեւ»՝ հիանալի հասկանալով, որ դատավորը չի առաջնորդվելու անհիմն փաստարկներով: Վիճարկելով Եգորյանի ներկայացրած փաստարկներն ամբաստանյալի բարոյական կերպարի վերաբերյալ՝ փաստաբանն առաջարկեց հիշել բոլոր այն լավ բաները, որոնք տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք: Օրինակ՝ դատարանների նոր շենքերը եւ այն սարսափելի վիճակը, որում դրանք գտնվում էին նախկինում: Նա հիշեցրեց, որ ազատության մեջ գտնվող Քոչարյանն ինքն է գնացել ՔԿՀ կրկնակի ձերբակալության մասին որոշման ընդունումից հետո: «Համաձայն էր, թե ոչ՝ բայց չսպասեց, թե երբ կգան իր հետեւից: Գնաց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ սպասեց մի քանի ժամ, մինչեւ փաստաթղթերը կազմվեն, քանի որ առանց փաստաթղթերի նրան չէին կարող ընդունել»,- նշեց Ալումյանը:

Ակումբի ֆինանսավորման մասին հայտարարությունը զրպարտություն է, ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս հայտարարությունը եւս «տեսախցիկների համար էր»: Հայտարարվել է ինտենսիվ շփումների մասին ազատության մեջ եղած ժամանակ, այդ թվում՝ դատավարության մասնակիցների հետ, հիշեցրեց փաստաբանը՝ շեշտելով, որ դա եւս սուտ է: Փաստաբանը հիշեցրեց, որ Քոչարյանի դեպքում հեշտ է հետեւել նրա բոլոր հանդիպումներին, քանի որ նրան՝ որպես նախկին նախագահի, պետական ​​պաշտպանություն է հասնում:

Մեղադրող կողմը չհամաձայնեց այս փաստարկի հետ՝ հայտարարելով, որ պահակախմբի գործառույթների մեջ հսկողությունն ու լրտեսումը չի մտնում: Ներկայացնելով իր փաստարկները՝ տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը սկսեց թվարկել բոլոր հնարավոր սպանություններն ու հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Քոչարյանի նախագահության օրոք: Պաշտպանության կողմը բողոք արտահայտեց, դատավորը փորձեց հանգստացնել Սաֆարյանին, սակայն նա այնքան էր տարվել, որ փորձեց ակնարկել դատավորի կողմնակալությունը՝ բուռն ձեռածելով եւ ձայնը բարձրացնելով: Սաֆարյանը հրաժարվեց հանցագործությունների փաստերը թվարկելու գաղափարից: Փոխարենը սկսեց կշտամբել դատավորին. «Եթե կարծում եք, որ երկիրն այսպիսի վիճակի հասցրած մարդը կարող է հեղինակություն վայելեր, ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես այստեղ հավաքվել»:

Ընթացքում պարզվեց, որ առաջին ատյանի ​​դատարանը «մոռացել» է ուղարկել վարչապետների երաշխավորագիրը: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը շտկեց թյուրիմացությունը եւ փոխանցեց դատարանին պահանջվող փաստաթուղթը: Պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի ընտանիքի գույքի գնահատման վերաբերյալ տվյալներ հայտնելու մասին: Մեղադրող կողմը առարկեց: Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ այդ տեղեկանքն անհրաժեշտ է դատարանին գրավի մասին որոշում կայացնելու համատեքստում: Հանկարծ սթափվելով՝ Սեդա Սաֆարյանը վրդովվեց այն փաստից, որ դատարանը պատրաստ է փաստաբանից ընդունել առաջին ատյանի կողմից քննված միջնորդությունը՝ հավատալով նրա խոսքին այն մասին, որ այն փոխանցվում է ճշգրիտ կերպով: «Ես այն Ձեզ ցույց կտամ»,- խոստացավ դատավորը: Փաստաբան Խուդոյանը դատարանին հայտնեց սեփականության մասին տվյալները՝ երկու բնակարան Լեւոն եւ Գայանե Քոչարյանների անուններով:

Կարճ դադարից հետո դատարանը վերսկսեց աշխատանքը: Ընդմիջումը հայտարարվել էր պաշտպանության կողմի ներկայացրած անձնական երաշխավորման միջնորդագիրը տպելու համար: Ինչպես արդեն հաղորդվել էր, առաջին ատյանի դատարանը «մոռացել էր» կարեւոր փաստաթուղթ փոխանցել Վերաքննիչ դատարան: Սեդա Սաֆարյանը կրկնեց այն միտքը, որ փաստաթուղթը կարող է նույնական չլինել առաջին ատյանում ներկայացրած փաստաթղթի հետ, իսկ դրանից հետո պաշտպանության համար տհաճ ռեպլիկներ էր իրեն թույլ տալիս:

Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 17:30-ին: