Այս կարգապահական վարույթը, իմ եւ իմ վստահորդի խորին համոզմամբ, բնավ սահմանափակված չէ ինչ-որ դատական նիստի ընթացքում կատարված արտահայտությամբ կամ արտահայտություններով: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստում, որտեղ քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱՆ-ի միջնորդությունը, հայտարարեց Ազարյանի փաստաբան, ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը։
«Այս կարգապահական վարութի հիմքում դրված է ավելի մեծ պատմություն, ինչը, մեր համոզմամբ, այն դարձնում է անկախ դատական համակարգի նկատմամբ բացահայտ եւ անթաքույց ճնշման փորձ: Նախապատմության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 2018-ի օգոստոսին Ազարյանն իր վարույթում քննվող կալանավորման մի գործով ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ազատ արձակման որոշումը, անգամ առանց որոշման տեքստին ծանոթանալու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անվանեց ակնհայտ ապօրինի, քննդատեց Ալեքսանդր Ազարանին, քննադատությանը հետեւեց ՀՀ վարչապետի հանրահայտ ելույթը, որտեղ եւս գնահատականներ տրվեցին դատական համակարգին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։
Ներկայացուցիչն ասաց, որ դատավոր Ազարյանը ստիպված է եղել միայնակ արձագանքել այդ բոլոր մեղադրանքներին, իսկ միջադեպից հետո էլ սկսել է դատավոր Ազարյան-ՀՔԾ՝ օրենքի մեջ չտեղավորվող «մենամարտը». «Այն արտահայտվում էր նրանով, որ ՀՔԾ քննիչները մինչդատական վարույթի բոլոր գործերով, որոնք քննվում էին Ազարյանի վարույթում, անպայման ներկայացնում էին ինքնաբացարկի միջնորդություն՝ այն պատճառաբանությամբ, թե Ազարյանն ունի կանխակալ վերաբերմունք ՀՔԾ պետի, հետեւաբար՝ հենց ՀՔԾ-ի նկատմամբ»։
Աթանեսյանը պնդեց, որ ՀՔԾ քննիչների բոլոր պնդումներն առ այն, որ Ազարյանն ունի ինչ-որ կանխակալ դիրքորոշում իրենց կամ իրենց ծառայության նկատմամբ, պարզապես անհիմն է։
«ՀՔԾ-ն պարզապես դժգոհ է մնացել երկու տարի առաջ կայացրած որոշումից: Այդ ամենն այնքան ակնհայտ է, որ այլ խոսք պարզապես չկա»,- ասաց նա։
Ներկայացուցիչն ասաց, որ կարգապահական վարույթի ընթացքում դատավորն ունի պաշտպանության իրավունք, որն էլ երաշխավորվում է բացատրություն տալով. «Բացատրություն տալու համար պետք է հասկանալ՝ ինչի մեջ են քեզ մեղադրում: Դա չի պահպանվել: Արդարադատության նախարարի կայացրած որոշումը օրինակ է իրավական անորոշության, անհասկանալի է՝ ինչի մասին է այդ որոշումը, կոնկրետ որ արարքը վարքագծի որ կանոնն է խախտում: Դիմել եմ միջնորդությամբ՝ խնդրելով պարզաբանել, որ ապահովվի դատավորի իրավունքի իրացումը, բայց միջնորդության պատասխանը նույնպես անորոշ է։ Միջնորդության պատասխանն անորոշ է. գրված է, որ հարուցվել է Դատական օրենսգրքի ինչ-որ հոդվածի ինչ-որ մասով, բայց ինչի համար, նշված չէ»։
Անդրադառնալով «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի գործով վերաքննիչ դատական նիստին Ազարյանի կողմից հնչեցված հայտարարությանը, ներկայացուցիչն ասաց. «Ինչ է ասել պարոն Ազարյանը. հույս ուներ, որ քննիչը չէր իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէր քննադատի օրինական ուժի մեջ մտած ակտը։ Ինչ կա այս ամենի մեջ, որը ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք։ Եթե ՀՔԾ պետը թույլ է տալիս կամ հրահանգավորում է իր քննիչներին՝ անպատեհ, անընդհատ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել պարոն Ազարյանին։ Միջնորդությունների մեջ նշել ակնհայտ իր անհամաձայնությունը կամ քննիչի միջոցով ներկայացնել ակնհայտ իր անհամաձայնությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հետ եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմքով ինչ-որ մեղադրանքներ կառուցել, ապա շատ նորմալ է, որ դատավորը ստանում է իրավունք իր գնահատականը տալու այդ մոտեցմանը։ Խոսքը որեւէ անձնական վիրավորանքի մասին չէ, այլ խոսքը պարոն Խաչատրյանի մասնագիտական մոտեցումների կամ գիտելիքների մասին է»։
Աթանեսյանը հայտարարեց, որ եթե ԲԴԽ-ն գտնի, որ Ալեքսանդր Ազարյանը թույլ է տվել կարգապահական խախտում, ապա դա կլինի «սառեցնող» էֆեկտ ամբողջ դատական համակարգի համար. «Բոլորին հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը, որ դատավորները պարզապես պետք է լուռ մնան, չկայացնեն ակտեր, որոնք եթե հանկարծ ՀՔԾ պետը կորակի ապօրինի, ապա դատավորներին կենթարկեն կարգապահական պատասխանատվության: Այդ ծանր բեռը ձեզ վրա է, հարգելի՛ ԲԴԽ, ես ունեմ համոզմունք, որ դուք այն պատվով կկատարեք»։
ԲԴԽ անդամի հարցին՝ ըստ Աթանեսյանի, արդյոք դատավորն իրավունք ունի՞ դատավարության մասնակիցներին կամ կողմերին վիրավորել, Աթանեսյանն ասաց՝ ոչ։
Հարցին՝ արդյոք արված հայտարարությունտ վիրավորակա՞ն է, թե՞ ոչ, եւ, արդյոք դատավորն իրավունք ունի՞ հնչեցնել գնահատական, ներկայացուցիչն ասաց. «Եթե նախապատմությունն այնպիսինն է, որ կողմը, որին ուղղված է այդ խոսքը, դա թույլ է տվել իր գործողություններով, դատողություններով եւ դատավարական գործողություններով, ապա դատավորը պարտավոր էր դրան անդրադառնալ։ Մենք գործ չունենք մի դրվագի, մի խոսքի սայթաքման հետ կամ պատահականության հետ, գործ ունենք շուրջ 1.5 կեսվա քարկոծման եւ հարձակման հետ։ Պատասխանը միշտ պետք է լինի՝ վիրավորանքի սահմանը չանցնելով»։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ մարտի 13-ին ներկայացրած միջնորդության համաձայն՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ապրիլի 10-ին կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ եւ մայիսի 22-ին համապատասխան միջնորդություն ներկայացրել ԲԴԽ:
Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ազարյանն ունի բարձր վարկանիշ, երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ՝ կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 76 միավորով:











