ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հունիսի 26-ին, ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց։

Նրանք իրենց հետ բերել են շղթայված պաստառ, որի վրա գրված է Սահմանադրություն եւ պատկերված են ՀՀ զինանշանն ու դրոշը։

«Պաստառը թողնում ենք, որովհետեւ Սահմանադրությունը զավթված է»,- ասաց անդամներից մեկը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները գիշերը նույնպես ակցիա են իրականացրել Սահմանադրական դատարանի դիմաց։

Նշենք, որ ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։

Սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։

Այդ փոփոխություններին դեմ են մի շարք իրավաբաններ, փաստաբաններ, իրավապաշտպաններ, ինչպես նաեւ ՍԴ անդամները։

Այսօր վաղ առավոտից ՍԴ-ի դիմաց էին հավաքվել ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք թղթային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ իրենց դիմումն էին բերել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը։

ՍԴ-ի դիմաց էին հավաքվել նաեւ իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Նրանք պնդում են, որ արված փոփոխությունները սահմանադրական կարգի տապալում է։