Երկրորդ օրն է լարված, գրեթե պատերազմական դրություն է Տավուշի մարզի հարավ-արեւելյան սահմանին։ Կիրակի մի քանի հարձակումից ու կորուստներով հետ շպրտվելուց հետո ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի հրետակոծության, որտեղից ստանում է համարժեք պատասխան։ Օրվա երկրորդ կեսին հակառակորդը արկակոծել է նաեւ Չինարի գյուղը։  Կիրակի 12:30-ին մոտ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել, հայկական կողմի զգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները փախել են իրենց դիրքը, որտեղից հրետանու աջակցությամբ հարձակում են սկսել մեկ ժամ անց, քիչ անց նորից հարձակվել եւ ամեն անգամ կորուստներով հետ շպրտվել։  Հայկական կողմից կորուստներ չկան: Ադրբեջանը նախ նշել է, որ 2 սպանված ունի, 5 վիրավոր, ապա խոստովանել, որ սպանվածները 4-ն են։ Ձախորդ գրոհներից հետո ադրբեջանական զինուժը շարունակում է հրետակոծել հայկական դիրքերը։ Մեր պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ունենք երկու թեթեւ վիրավոր ոստիկան, թեթեւ վիրավորում ունի 3 զինծառայող։ Գիշերը տարածած հայտարարությամբ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական ուժերին հրահանգել է դեռ զուսպ լինել, իսկ մեր սահմանների ուղղությամբ հակառակորդի սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում։ Տարբեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ հայկական ուժերը երկու դիրք են գրավել, խոցել նաեւ մի քանի անօդաչու սարք, այդ թվում կամիկաձե։  Արցախից կամավորներ են պատրաստվում մեկնել Տավուշ, որտեղ պաշտպանությունը գլխավորում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Կազմակերպության մշտական խորհրդի արտակարգ նիստ է նախաձեռնել։ Ռուսաստանի արտգործնախարարը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր հրավիրած կառավարության արտահերթ նիստում հայտարարել է, որ այս ռազմական միջադեպը վակուումում չի առաջացել։ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր եռագույն փողկապով էր, արձանագրել է, որ հայկական բանակը վստահորեն տիրապետում է իրավիճակին, և որևէ կասկած չկա, որ մեր Զինված ուժերը ի վիճակի են և կապահովեն Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը»:

Զեկույցներ են ներկայացրել արտաքին գործերի ու  պաշտպանության նախարարները։ 

Արտահերթ նիստում կառավարությունը որոշում է կայացրել 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, այն կտեւի մինչեւ օգոստոսի 12-ը ժամը 17-ը:

Ազգային ժողովն էլ հատուկ նիստ է հրավիրել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին կառավարության որոշումը հաստատելու համար։ Նիստը երկարաձգվել է։

Անցած մեկ օրում ունենք կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 182 նոր դեպք, սակայն նշենք, որ թեստեր այս անգամ համեմատաբար քիչ են արվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 32151 է, որոնցից գրեթե 20 հազարը ապաքինվել են։ Մահացել է 8 մարդ, վիրուսից մահերի թիվը հասել է 573-ի։ Կորոնավիրուսով վարակված եւս մեկ մարդ մահացել է այլ հիվանդությունից։

«Բարգավաճ Հայաստան», «ՀՅԴ» եւ «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ է դրել ԲՀԿ խմբակցությունը։ Առաջարկը չընդունելու դեպքում եռյակը մտադիր է դիմել վարչական դատարան։

Օրը թեժ էր ՎԵՏՕ նախաձեռնության համար։ Շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր մի քանի անգամ բերման է ենթարկել: Շարժման ակտիվիստները մեկնել էին Խոր Վիրապ՝ հակասորոսական ավոերթի, որտեղ էլ առաջին «հանդիպումն» են ունեցել իրավապահների հետ։ Մալյանի տվյալով՝ Խոր Վիրապի մոտ կենտրոնացվել է մոտ 500 ոստիկան:

Ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից ոստիկանները բերման են ենթարկել նաեւ «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանին, ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիջանյանին, էլի մի քանիսին: Նրանք, ըստ երեւույթին, մեկնել էին աջակցելու Մալյանին։ Արտաշատ է շտապել նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ոստիկանությունից դուրս գալուն պես Նարեկ Մալյանը հայտարարել է, թե իրեն բերման են ենթարկել ապօրինի, իր մեքենայի միջից: «Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված է «Ոչ Սորոսի վաստակներին», ասել է նա:

Եվս մեկ անգամ Մալյանն ու նրա կողմնակիցները բերման են ենթարկվել Երեւան վերադառնալիս։ Ճանապարհին նրանց ավտոերթը կանգնեցրել են ոստիկանները եւ բերման ենթարկել: Այս անգամ Մալյանն ու նրա կողմնակիցներն ուժգին դիմադրություն են ցույց տվել։ Հնչել են հայհոյանքներ։

Կիրակի կալանավորվել է Արամ Վարդանյանը, նույն ինքը՝ Վստրեչի Ապերը։ Նրա փաստաբանները հերքել են ոստիկանության տարածած տեղեկությունը, թե նա ձերբակալվել է Արցախի փողոցի «տներից մեկում»։ Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա իր իսկ բնակության վայրում, որտեղ նաև հաշվառված է, հայտարարել են փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը եւ կոչ արել չխախտել մարդու իրավունքները։

Դատարանը հետաձգել է «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի» դատական նիստը։ «Դարեսկիզբը» վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը լույս ընծայող ընկերությունն է, որին ուղարկված ծանուցումը ետ է եկել։ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները նախքան դատարան դիմելը թերթից պահանջել էին հերքել իրենց վստահորդի մասին ապատեղեկատվությունը, ինչը, սակայն, «Հայկական ժամանակը» չի արել։

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել IT ոլորտի խոշոր դեմքերից Կարեն Վարդանյանի վերջին հրաժեշտը: Ներկաները ծափողջյուններով են հրաժեշտ տվել Վարդանյանին, իսկ մտերիմները նրա պատվին   յարխուշտա են պարել։

Գյումրիի որոշ փողոցներ անցել են ջրի տակ։ Ֆեյսբուքի օգտատերերից Զոհրապ Եգանյանը տեսանյութ է հրապարակել եւ գրել․ Ինչ է կատարվում Հայաստանի 2-րդ քաղաքում․ Գյումրիում արտակարգ իրավիճակ է. Ես նման բան չեմ հիշում:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դամով ու կազմել  486.54 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.09 դրամով ու հասել 550.71 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով  ու կազմել  613.24 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու կազմել 6.86 դրամ։

Հայաստանի որոշ հատվածներում, նաեւ Երեւանում հուլիսի 14-ի գիշերային ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝  +30 +32: