Թոռնիկս ասաց՝ տատի, ես մտնում եմ սեղանի տակ, այստեղ լավ կլինի։ Հիշելով նախօրեի հրետակոծության պահերը NEWS.am-ի թղթակցին պատմել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ Զաբել Գալստյանը։

«Ռմբակոծության պահին ես տանն էի, թոռնիկս էր կողքիս, հիվանդ երեխա ունեմ, նա էլ էր մոտս, ամուսինս գնացել էր գոմ՝ անասուններին կապելու։ Մյուս տղաս պոստի էր։ Թոռնիկս ավելի շատ հորեղբոր ձայնից վախեցավ, ասում էր՝ լաց է լինում հոբարս, ասացի՝ ոչինչ, Վարդուհի ջան, հիմա կհանգստանա։ Թոռնիկս էլ ասաց՝ տատի, ես մտնում եմ սեղանի տակ, այստեղ լավ կլինի։ Հետո ասաց՝ քունս տանում է, տարել, պառկացրել եմ, ես էլ հենց կողքին եմ նստել, շատ մոտ, որպեսզի եթե մի բան գա՝ երեխուն չկպնի, ինձ կպնի։ Հետո շտաբ պետք է գնայինք՝ պատսպարվելու, երեխան վազում էր, ես էլ վախից չէի կարողանում արագ գնալ, ծնկներս մի քիչ թուլացել էին։ Կանգնում, կանչում էր թոռնիկս՝ տատի, հասիր», պատմել է Զաբել Գալստյանը։ 

Մենք ուրիշ տեղ չենք գնում, պատմել է Հայկ Շառյանը՝ ցույց տալով իրենց ավերված տունը։

«Եթե թողնենք, գնանք, ո՞վ է գալու պաշտպանի մեր գյուղը։ Այստեղ խփեցին՝ գմփոցը դուրս եկավ։ Ես մեր ընտանիքը տարա Բերդ, եկա, տեսա՝ այս վիճակն է։ Մենք զգոն ենք միշտ, կարող են քայլելու պահին կրակել, բայց այսպիսի բան առաջ չեմ տեսել», ասել է Ներքին Կարմիրաղբյուրի երիտասարդ բնակիչը։