Վերջին դեպքերի համատեքստում հասկանլիորեն կորոնավիորւսի թեման մի փոքր հետին պլան է մղվել: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, իր խոսքում մասնավորապես, ասաց. «Խնդիրն այն է, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժվող դեպքերի թիվը 10 հազարից ցածր է: Սա շատ կարեւոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլեւ աշնան համաշխարհային հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:
Այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակահակահամաճրակային PR արշավը, եւ ես տեսնում եմ, որ նորից հակադիմակային շարժումներ են սկսվում եւ այլն:
Մենք տեմպի որոշակի անկում ունենք, որովհետեւ պահպանվում են հակահամաճարակային պայմանները, որտեղ առանցքայինը դիմակ կրելն է: Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը,. Բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն պահպանելու շնորհիվ:
Մեկնաբանություններ կան, որ տաք եղանակը եւս դեր ունի, բայց մենք օրինակ հունիսի սկզբին հետեւում էին այն երկրներին, որտեղ ջերմաստիճանը 35-40 էր, բայց այնտեղ վիրուսը ալիքաձեւ ծավալվում էր»:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց տուրք չտաք այդ անպատասխանատու հայտարարություններին. «Դիմակի կրումը հակահամաճարակային պրոցեսում ունի անկյունաքարային նշանակություն: Մեր նպատակն է, որ աշնանը համաշխարհային մասշտաբով ավելի պատրաստ լինեն հնարավոր երկրորդ ալիքին»:
Նա հիշեցրեց, որ 700-ից ավելի մարդ է մահացել կորոնավիրուսից, ինչը սարսափելի թիվ է:
«Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք առաջինը դա կշտապենք հայտարարել ու անել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք կանոնների բոլոր թուլացումները, որոնք այդ պահին հնարավոր են եղել, մենք արել ենք: Եթե չենք անում, ուրեմն դա այս պահին խելամիտ չի կամ հնարավոր չի անել: Ընդ որում, այս կայունությունը ոչ մի բան չի ասում, կարող է վաղը նորից թվերն աճեն եւ դառնան շատ մեծ: Այսօր էլ փոքր թիվ չի, 451 է այսօր եղել: Այնպես որ, եկեք այս անհարմարությունները մի փոքր երկար պահենք, բայց դուրս գալիս այնպես դուրս գանք, որ իսկապես դուրս գանք, ոչ թե իմիտացիա լինի»:











