Ես առանց դիմակի եմ, որովհետեւ ամեն առավոտ հավաքում եմ իմ 10 հազար դրամը եւ կոպեկ առ կոպեկ ուղարկում եմ Աննա Հակոբյանի հիմնադրամին, իրավունք գնելով (դե, գիտեք, Աննայի հետ կարելի է փողերով հարցեր լուծել) մեկ օր առանց դիմակի անցկացնելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ավելի կոնկրետ ասեմ, թե ինչու եմ այս հարցն ընտրել։ Որովհետեւ ուզում եմ տեղյակ պահել ՀՀ քաղաքացիներին, որ ես ու իմ ընկերները մի հետաքրքիր փաստ ենք գտել․ դուք գիտեք, որ Հայաստանում գործում է արտակարգ դրություն, Նիկոլ Փաշինյանն անշուշտ դա օգտագործում է, որպեսզի թույլ չտա, որ Նարեկ Մալյանն Արտաշատից մեքենայով հասնի Երեւան, բայց իրականում չի ցանկանում, որ ընդդիմախոսները հավաքվեն, որովհետեւ բառիս բուն իմաստով վախենում է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վախկոտ է, բայց նաեւ նա մոռացել է, որ արտակարգ դրության ժամանակ գործում է արտակարգ իրավիճակ։ Դա օրենք է, ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանին օրենքները հետաքրքիր չեն, բայց ՀՀ-ում դեռ մի քիչ օրենք մնացել է։ Արտակարգ իրավիճակի մասին օրենքի 10-րդ կետի Դ ենթակետը վկայում է, որ, այստեղ ուշադիր, ժողովուրդ ջան, իշխանությունները պարտավոր են անվճար պարագաներ տրամադրել ՀՀ բնակչության անվտանգության համար։ Մեր բառերով ասած, ՀՀ օրենքներով, ինչքան կա արտակարգ ռեժիմ, դա կկոչեք արտակարդ դրություն, թե իրավիճակ, իշխանությունները պարտավոր են այդ դիմակն անվճար տրամադրել։ Հետեւաբար, եթե նրանք ձեզ տուգանում են դիմակ չունենալու համար, իրականում իրենք պետք է տրամադրեին այդ դիմակը։ Դա նույնն է, եթե պետությունը ձեզ ավտոմեքենայի պետհամարանիշ չտրամադրի, հետո էլ տուգանի պետհամարանիշ չունենալու համար», ասել է Միքայել Մինասյանը։
Ֆեյսբուքյան եթերում Միքայել Մինասյանը խնդրել է իր իրավաբան ընկերներին՝ պարզաբանել, արդյո՞ք ինքը ճիշտ է ասում, թե սխալ։
«Բայց ես ճիշտ եմ ասում։ Առաջարկում եմ ձեզ, տպել-պահել այդ թերթիկը, եւ երբ ձեզ տուգանեն՝ ասեք, որ, գիտես ինչ, հարգելի ոստիկան, դու ինձ պարտավոր ես տրամադրել այդ դիմակը։ Երբ ինձ անվճար տրամադրես եւ ես չկրեմ, դու ինձ կարող ես տուգանել։ Ես ձեզ խոստանում եմ, որ ավելի քան 80 հազար մարդկանց հետ, որոնց արդեն իսկ Նիկոլի իշխանությունը տուգանել է, մենք ձեզ հետ միասին կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից։ Ավելին, բոլոր այն քաղաքացիները, որոնք գնել են դիմակներ ու պահել են ՀԴՄ-ները, հետ եք ստանալու պետությունից կոպեկ առ կոպեկ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի հայտարարել արտակարգ դրություն, պարտադրել դիմակներ կրել, եթե դրանք չի տրամադրում։ Ինչ վերաբերում է դիմակ կրելուն ընդհանրապես։ Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլի ռեժիմն օգտագործում է դիմակ-շոուն, որպեսզի ինչ-որ մի բան անի։ Որովհետեւ այն խայտառակ կացությունը, որ իրենք ստեղծել են կորոնավիրուսի հետ կապված, իրենք էլ են ընկել այնպիսի մի բանի մեջ, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ պետք է անել։ Այդ դիմակը խայտառակություն է, որովհետեւ մարդկանցից պահանջել 40 աստիճան շոգի պայմաններում դիմակ կրել, դա բյուջեն լցնելու կամ սեփական անկարողությունը ծածկելու ձեւ է։ Ինչեւիցե, դա տոտալ անօրինականություն է, տուգանքները տոտալ անօրինական են, եւ իրենք պարտավոր են ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովել անվճար դիմակներով։ Աստված մեզ բոլորիս պահապան, առաջին հերթին խաղաղություն մեր ժողովրդին Հայաստանում եւ Հայաստանից դուրս», ամփոփելով խոսքը՝ ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։











