Լաբորատոր կահույքների պատրաստմամբ զբաղվող՝ Զեթ-Պրոֆիլ ընկերությունը հրաժարվում է կատարել ԿԳՄՍՆ-ի կողմից պատվիրված՝ շուրջ 100 դպրոցից իրեն հատկացված մոտ 50 դպրոցներում լաբորատոր կահույք տեղադրելու աշխատանքից, քանի որ շինարարական նորմերի խախտումներ է նկատում այն լուծումներում, որ առաջարկում է նախարարությունը: Դրանք, ըստ ընկերության ղեկավար Ռոբերտ Զաքարյանի, կհանգեցնեն լուրջ խնդիրների։
«Այդ լաբորատոր կահույքները, որոնք նախատեսված են քիմիայի համար, պետք է տեղադրվեն դասասենյակներում, ամեն սեղան պետք է միանա կոյուղագծերին, իսկ կոյուղու խողովակները պետք է անցնեն դասասենյակի հատակի տակով։ Ծրագրի ղեկավարը, ԿԳՄՍ նախարարի հետ համատեղ, որոշել են, որ այդ խողովակներն անցկացնեն դասասենյակի հատակների վրայով, որը բոլոր նորմերի խախտում է։ Առաջացնում է խնդիրներ, այն նաև անապահով է, քանի որ կարող են աշակերտները հարվածել խողովակներին, վնասել դրանք, հնարավոր է խողովակները ծակվեն և կոյուղաջրերը լցվեն դասասենյակ»,- ասաց ընկերության ղեկավարը:
Ռոբերտ Զաքարյանը նշեց, որ ըստ նորմերի աշխատանքներ իրականացնելը ենթադրում է գումարային մեծ ծախսեր։
«Բոլոր 100 դպրոցներում ջրամատակարարաման խողովակներ է պետք անցկացնել, նոր կահույքը տեղադրել, որպեսզի դրանք չանցնեն դասասենյակի միջով: Իսկ Արայիկ Հարությունյանը ցանկանում է 1-2 ամսում այդ շինարարական աշխատանքները անել։ Պարզապես ցանկանում է այդ մի փաթեթը, կոպիտ ասած արանքից հանել, իբրև այդ աշխատանքը կատարված է: Ճիշտ է, իմ ասած աշխատանքը ժամանակատար է, բայց օրենքով այդպես է պետք անել, հակառակ դեպքում հնարավոր է թունավորումներ առաջանան, կարծում եմ պետք չէ ռիսկի դիմել»,- ասաց Ռոբերտ Զաքարյանը՝ նշելով, որ նույն կերպ ֆիզիկայի դասասենյակը կահավորել են առաջարկում նորմերի խախտմամբ․ «Հոսանքալարերը պետք է անցնեն հատակի վրայով, հետևաբար կարող են լինել և´ հոսանքահարումներ և´ կրակի բռնկում: Հիմա քանի ոչ ես հրաժարվում եմ աշխատել այդ սխալ գործելավոճով, աշխատանքի մեջ ինջ հասանելիք 5 տոկոս բաժինը ուզում են ինձնից վերցնել, տալ ուրիշ մեկին, որ կանի դա: Ես շինարար լինելով հանդերձ՝ կատեգորիկ հրաժարվել եմ անել նման սխալ աշխատանք,քանի որ ունեմ շինարարական լիցենզիան, սակայն, եթե անեմ այդ գործը, ինձ կզրկեն այդ լիցենզիայից»։












