Եկմալյան փողոցի բնակիչ Անի Խուդավերդյանը այսօր՝ օգոստոսի 17-ին, կրկին Կառավարության շենքի դիմաց էր. նրա պահանջը արդեն մոտ 15 տարի  նույնն է՝ քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալ: Նախորդ հինգշաբթի Կառավարության շենքի դիմացից շտապօգնության աշխատակիցները հիվանդանոց տեղափոխեցին Եկմալյան փողոցի բնակիչներից բողոքի ակցիա իրականացնող  Շուշանիկ Վարդանյանին, որն ունի առողջական խնդիրներ, սակայն, ինչպես նշում է Անի Խուդավերդյանը, նրան ոչ մի օգնություն պետության կողմից չի հատկացվել, նրան նույնիսկ դեղամիջոցներ չեն տրամադրում, որպես անապահովի:

Այսօր Շուշանիկ Վարդանյանը ևս  Կառավարության շենքի դիմաց էր՝ հաշմանդամի սայլակին նստած:

Անի Խուդավերդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  Շուշանիկ Վարդանյանին մի քանի օր պահել են հիվանդանոցի հաշվին, սիստեմաներ  են միացրել, այնուհետև  գումար  են պահանջել նրան  այնտեղ պահելու  համար:  «Մի սիստեմա միացրին, ճնշումը կարգավորեցին և դուրս գրեցին, մենք նրան հիվանդանոցից միանգամից բերել ենք այստեղ»,- ասաց Անի Խուդավերդյանը:

Եկմալյանի բնակիչը, դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին, ասաց.

«Տեսե´ք Եկմալյան փողոցի կանանց վիճակը, տիկի´ն Նունե, խնդրում եմ միջամտեք, տեսեք՝ ինչ է կատարվում, Կառավարության շենքից մենք արհամարված ենք, ես ակնկալում եմ նախագահից ինչ-որ մի աջակցություն, որ ընթացք տա այս գործին, չէ՞ որ մեր երկրի նախագահն է»:

Նա անդրադարձավ նաև  2019 թվականին տեղի ունեցած՝  գերակա շահից տուժած քաղաքացիների համար հրավիրված  լսումներին, որտեղ, նրա խոսքով, ներկա էին Մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպական դատարանի ներկայացուցիչները, Արդարադատության նախարարը  և այլք:

«Այդ լսումների  ժամանակ նույնիսկ պատգամավորուհիները հուզվեցին՝ լսելով մեր խնդիրները, հետո  պարզեց, որ այդ կինոն սարքվել էր պարոն Քոչարյանի համար՝ ինչ գործ կարող էին բռնել Ռոբերտ Քոչարյանի վրա, այսինք  այդ լսումները ոչ թե ժողովրդի համար էր, այլ  մեզ հավաքել էին պարոն Քոչարյանի դեմ ինչ–որ բան բռնելու, գործ հարուցելու համարմ տեսան, որ  ոչինչ չեն գտնում, Արարատ Մրզոյանը հայտարարեց, որ դադարեցնում են լսումները, այդտեղ էլ մեր  բախտը չբերեց»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Եկմալյանին բնակիչներին զանգով  Կառավարության ներկայացուցիչներից ասել են՝ չորեքշաբթի  ինչ-որ պատասխան կտան. «Ես պետք է հասնեմ դրան, որ իրենցից վերցնեմ գրավոր պատասխան»։

Հիշեցնենք, որ  Եկմալյան փողոցի  բնակիչները արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում: