Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ դատավոր թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հարց են ուղղել նաեւ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Հարցին՝ ի՞նչ բնույթի հարցեր են ուղղվել թեկնածուին, Բադալյանն ասաց. «Աղմկահարույց հարցեր եւս եղել են։ Մանսավորապես, հարցերը կապված էին թեկնածուի քննած գործերի հետ. լինեն դրանք բնապահպանական խնդիրների հանգուցալուծման վերաբերյալ, թե այլ մասնավոր դեպքերի վերաբերյալ, Ա1+-ի վերաբերյալ։ Բոլոր հարցերն էլ տրվել են, բայց չեմ կարող ասել, թե պատասխանները շատ սպառիչ էին»։

Հարցին՝ արդյոք ինքը տեսնո՞ւմ է Խունդկարյանին ՍԴ նախագահի պաշտոնում, պատգամավորն ասաց. «Նույնիսկ այդ հարցն է եղել։ Բոլոր այն հարցերը, որոնք հանրության կարող էին հետաքրքրել, ուղղել ենք։ Ամեն դեպքում ցույց չտվեց այդ հավակնությունները, նույնիսկ եթե կային, որը ես դրական եմ գնահատում, որովհետեւ բոլորն էլ իրենց հոգու խորքում կարող են ցանկանալ լինել ՍԴ նախագահ։ ՍԴ դատավորի բոլոր թեկնածուները մեզ համար պոտենցիալ ՍԴ նախագահներ են»։

Լրագրողի դիտարկմանը, որ հանդիպման ընթացքում լսվել է՝ ինչպես է պատգամավորներից Սոս Ավետիսյանն ասել, որ Խունդկարյանը հենց ՍԴ նախագահի հավակնություն ունի, Բադալյանն ասաց. «Հնարավոր է, որ այդ պահն էլ ես եմ բաց թողել։ Այն որ այդ հարցը եղել է եւ այդ հարցը ժամանակ առ ժամանակ նույնիսկ կրկնվել է, դա չեմ կարող հերքել»։

Նշենք, որ ավելի վաղ նույն հանդիպման վերաբերյալ լրագրողների հետ խոսելիս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ավելի խուսափողական էր պատասխանել Խունդկարյանի՝ ՍԴ նախագահ լինելու հավակնության մասին հարցին՝ նշելով. «ՍԴ նախագահ դառնալու կամ ընտրվել, չընտրվելու հետ կապված որեւէ բան հնչեցնել չեն կարող, որովհետեւ թեկնածուն նաեւ պետք է գա ԱԺ, նիստերի դահլիճում նույնպես կհնչեն հարցեր եւ պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ կորոշեն իրենց անելիքը՝ արդյոք կողմ են քվեարկում, թե ոչ»։

Լուսինե Բադալյանը նշեց, որ Խունդկարյանին ուղղվել են սուր հարցեր. «Շատ դեպքերում հարցերը չեն արտահայտում մեր դիրքորոշումը, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումները բոլոր թեկնածուների հետ հիմնականում շատ սուր են լինում։ Հենց այդ սուր հարցերն են, որոնք մեզ հնարավորություն են տալիս կողմնորոշվելու՝ ինչպես է կարողանում թեկնածուն դրսեւորել իրեն թեկնածուն սուր հարցերի ժամանակ։ Կարծում եմ, որ այս հանդիպումը մյուս հանդիպումներից էականորեն չէր տարբերվում, հարցերն էլ սուր էին, պատասխանները՝ բավարար»։