Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է ավելի վաղ արտահայտած կարծիքը հայկական բանակում 80-ական թվականների զենքի առկայության մասին եւ պարզաբանել, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ չի օգտագործվել հեռահար սպառազինություն։

Օգոստոսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը նշեց, որ նշված հայտարարությունը հնչել է քառօրյա պատերազմից անմիջապես հետո Գերմանիայում։ «Տեղեկացված մարդիկ գիտեն, որ 2016 թվականին Գերմանիան էր նախագահում ԵԱՀԿ-ում։ Հայտարարություններն իսկապես զանազան լուրերի տարածման պատճառ են դարձել։ Առաջին հերթին մարդկանց կողմից, որոնք վատ են պատկերացնում, թե դա 80-ական թվականների ինչ զենք է։ Եթե իմ հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանվի, ապա այսպես կհնչի՝ ԵԱՀԿ հարգելի ներկայացուցիչներ, չնայած դուք աչք եք փակում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը մինչեւ ատամները զինվում է, մեր մարտիկները կարող են իրենց Հայրենիքը պաշտպանել։ Դա հստակ էր։

Բայց ուզում եմ ավելացնել։ Ցանկացածը կարող է պարզել՝ աշխարհում արդյոք կա՞ բանակ, որի սպառազինության մեջ չկա 80-ական թվականների զենք։ Եթե ամենաժամանակակիցների թվում գտնեք այդպիսին․․․Ես կհայտարարեմ, որ ընդհանրապես ոչ մի բան չեմ հասկանում։ Այսօր ոչ միայն ՀՀ ԶՈւ-ում կա 80-ականների զենք, այլեւ ամենահարուստ եւ ապահովված ԶՈւ-երում։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Բայց չեմ ցանկանում խորանալ։ Ուղղակի արձանագրենք, որ այսօր էլ գրեթե ամբողջ զրահատեխնիկան, գրեթե ամբողջ հրաձգային զենքը 80-ական թվականների է։ Հասկանալի լեզվով ասեմ՝ մեր բանակի եւ ուրիշ շատերի սպառազինության մեջ կան 40 եւ 50-ական թվականների զենքեր։ Ուստի կարծում եմ, որ լուրերի տարածումը քաղաքական եւ, հավանաբար, թեմային չտիրապետելու բնույթ ունի։

Ինչո՞ւ չի կրակել «Իսկանդերը»։ Այն պատճառով չի կրակել, որ 4-օրյա պատերազմն առաջինն հերթին լայնածավալ պատերազմ չէր։ Դրանք լայնածավալ ռազմական գործողություններ էին։ Եթե մենք «Իսկանդերն» օգտագործեինք, դա կլիներ ճնճղուկների վրա թնդանոթներից կրակել։ Դա անչափ հզոր զենք է, եւ դրա առաջին առաքելությունը հակառակորդին զսպելն է։ Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաեւ մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվել են իրենց տեղերում եւ պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։