Գորիսի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Բարձրավան գյուղում կատարված դանակահարությունը

Օգոստոսի 18-ին հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով Բարձրավան գյուղի մի բնակիչ բուժօգնության է տեղափոխվել:

Տուժողի հարազատները բժիշկներին հայտնել էին՝ իբր ձիուց է ընկել: Սակայն նախ` հիվանդանոց, ապա Բարձրավան մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց:

Օգոստոսի 18-ին, ժամը 19-ի սահմաններում, գյուղի ակումբի մոտ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել էր Գորիս քաղաքի 17-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ բացատրական աշխատանքի շնորհիվ նա նույն օրը ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին եւ խոստովանեց կատարածը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: