Խնդրում եմ, որպեսզի դատարանի բացահայտի՝ ի՞նչ կարգով է որոշում կայացվել, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ միջնորդությունները պետք է մակագրվեն դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ընթացող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության ժամանակ դատարանին հարց ուղղեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ դատավորը դատավարության կողմերին հարցրեց ՝ արդյոք բացարկի միջնորդություն ունե՞ն իրեն, պաշտպան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ մի քանի ճշտումներ ունի անելու այդ մասով։
«Մենք ամբողջ նախաքննության ընթացքում մշտապես բարձրաձայնում ենք այն խնդիրը, որ այս քննական գործով բոլոր միջնորդությունները, որոնք վերաբերում են Գագիկ Խաչատրյանին, մակագրվում էին ձեր կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Խնդրում եմ, որպեսզի դատարանի բացահայտի՝ ինչ կարգով է որոշումը կայացվել, որ այդ միջնորդությունները պետք է մակագրվեն Արտուշ Գաբրիելյանին»,- դիմեց Սարգսյանը։
Պաշտպան Ամրամ Մակինյանը նույնպես միացավ Սարգսյանի ճշտող հարցին։
Մեղադրող դատախազն էլ դիտարկում արեց, որ պարբերաբար չի մակագրվել Արտուշ Գաբրիելյանին։
Դատարանը պարզաբանեց, որ ՀՀ դատական օրենսգրքի համաձայն դատարանի նախագահն ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը։ Այդ սկզբունքից ելնելով, հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը իրականացրել է համապատասխան մակագրությունը։
«Վստահ եմ, որ բոլորս էլ լսել ենք հայտնի ձայնագրությունները՝ կատարված ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած, որոնք հաստատեցին այդ ձայնագրության իսկությունը։ Այնտեղ կան խոսակցություններ՝ դատավորներին ինչ-որ ցուցումներ տալու մասին։ ԱԱԾ եւ օպերատիվ մյուս մարմինների կողմից դատարան ներկայացված օպերատիվ-հետախուզական միջնորդությունները քննվում է դատարանի նախագահի կողմից։ Այսինքն՝ այդ մարմինների հետ ուղիղ առնչությունը խիստ կասկածելի է։ Ինչպես ստացվեց, որ բազմաթիվ դատավորներից հենց դատարանի նախագահին մակագրվեց այս գործը»,- դիտարկում արեց Երեմ Սարգսյանը։
Դատարանն էլ արձագանքեց, որ քրեական գործերը չեն հանձնարարվում. «Էլեկտրոնային մակագրման եղանակով է կատարվում քրեական գործերի մակագրությունը»։
Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։
Նշենք, որ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Դատական այսօրվա նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը։
Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











