Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր՝ օգոստոսի 26-ին,  մեկնարկել է նախորդ տարվա հուլիսին «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին հրապարակվում է մեղադրական եզրակացությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Ղարիբյանը տեղեկատվություն տրամադրելով եւ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով, օժանդակել է Սուլեյման Այուբովի Միիեւին, վերջինիս կողմից պատվերով մեկ ուրիշի ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2019թ. հուլիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի բակում գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված հրազենի` ատրճանակի գործադրմամբ Անդրանիկի Հրաչի Հարությունյանին սպանելուն:

Հիշեցնենք, որ  2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դին:

Նշենք՝  Դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, որ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է ՌԴ Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված 1987 թվականին ծնված Սուլեյման Այուբովի Միիեւին, ով 2019 թվականի հունիս ամսին ժամանել էր Հայաստան, իսկ նույն թվականի հուլիսի 3-ին` մեկնել Հայաստանից:

2019 թվականի օգոստոսի 21-ին որոշում էր կայացվել նրան ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: