Այսպիսի ցնցող իրադարձությունները եւս մեծ ահազանգ չեն հանդիսանում, որպեսզի պետությունը էլ ավելի արդյունավետ մեխանիզմներով պայքար տանի ընտանեկան բռնության դեմ: Այս մասին այսօր` օգոստոսի 28-ին, «Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով կազմակերպված «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ մինչեւ փորձ չենք ունենում այսպիսի խայտառակ իրավիճակի հետ, կորուստ ընտանիքում, կնոջ կամ երեխայի մահ ընտանեկան բռնության հետեւանքով, մինչեւ հասարակությունը չի ցնցվում նմանատիպ սահմռկեցուցիչ հանցագործությունից, չենք մտածում այս խնդիրների առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:

«Քննարկումներն հիմնականում հանրային դիսկուրսում դնում են հակառակ պրոցեսով, հատկապես մեղադրում են իրավապաշտպաններին, որ նման խնդիր չկա, ընտանեկան բռնության մասին պետք չէ խոսել, սակայն մենք ամեն ամիս գրեթե ականատես ենք լինում որեւէ անձի սպանության ընտանիքի ներսում, ինչի ականատեսը եղանք նաեւ մի քանի ամիս առաջ Գյումրիում ծեծի ենթարկված կնոջ ու երեխայի պարագայում, ինչի հետեւանքով երեխայի մայրը մահացավ, իսկ երեխան շաբաթներ առաջ է դուրս գրվել հիվանդանոցից»,- ասաց նա:

Ըստ իրավապաշտպանի` այսպիսի ցնցող իրադարձությունները եւս մեծ ահազանգ չեն հանդիասանում, որպեսզի պետությունը էլ ավելի արդյունավետ մեխանիզմներով պայքար տանի ընտանեկան բռնության դեմ: Նա նշում է, որ անհրաժեշտ է մշակել ավելի արդյունավետ մեխանիզմ, նմանատիպ խնդիրները կանխարգելելու համար. «Ստացվում է, որ մենք խնդրի առջեւ մնում ենք ոչ այնքան արդյունավետ կանխարգելման մեխանիզմներով»,- հավելեց Զառա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում օգոստոսի 18-ին տանը դաժանաբար ծեծի ենթարկված երեեխաներից 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ: Նա Երեւան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, երեխաների պապիկին ձերբակալել են, նշենք, որ օգոստոսի 19-ին նույն ընտանիքի 5 երեխաներին թունավորմամբ տեղափոխել են Երեւանի Մուրացանի հիվանդանոց, երեխաների մայրը 28-ամյա Մարիաննան նույնպես բերման է ենթարկվել, հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել: