«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության անդամներն այսօր` օգոստոսի 30-ին, էկոերթ են կազմակերպել Սեւանա լճի ափամերձ շրջանում` գույքագրելով լճի ափերում մաքրման ենթակա հատվածները: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:

«Ես բազմիցս նշել եմ, որ մենք երբեք չենք հրաժարվի Սեւանի հետ կապված պահանջներից, եւ այսօր կպպտվենք Սեւանի ափի տարբեր հատվածներում եւ կգույքագրենք մաքրման ենթակա հատվածները: Վերջին մեկ ամսվա ընթացքում կարծես թե աշխատանքի իմիտացիա է ստեղծվում, բայց աշխատանքը պետք է լինի ոչ թե Սեւանի ավազանից 1-2 տնակ ապամոնտաժելով եւ դա ամբողջ օրը մամուլով պտտելով, այլ այս հատվածները մաքրելով: Մենք հիմա կանգնած ենք այն կրիտիկական կետին, որտեղ Սեւանի փրկության համար պետք է շտապ եւ հետեւողական աշխատանքներ կատարեն: Իմ համար զարմանալի է նախարար եւ վարչապետի խոսել եւ գործ չանելը, քանի որ Սեւանում պետք է հրատապության կարգով այս ափամերձ հատվածները մաքրվեին»,-ասաց նա:

Վարագյանի խոսքով` հանրապետության ողջ ազատ տեխնիկան կուտակվեր այստեղ եւ մաքրեին հատվածները:

Նա հավելեց, որ առաջիկա օրերին խնդիրը ուշադրության կենտրոնում կպահեն` հրապարակելով տարբեր հատվածներում առկա խնդիրները փաստող լուսանկարներ եւ տեսանյութեր: