Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետեւում են հայտնի բալլադի հերոսները՝ շունն ու կատուն:

Թումանյանի հերոսներն այցելուներին կուղեկցեն թանգարան այցելության ամբողջ ընթացքում, նրանց հետ կշփվեն լոռվա բարբառով՝ պարբերաբար հիշեցնելով, որ պետք է դիմակ կրեն, միմյանցից հեռավորություն պահպանեն։ Թանգարանի տնօրինությունն այս կերպ՝ ստեղծագործաբար փորձել է կոտրել նոր կանոնների խստությունը։

«4-5 ամիս անընդհատ հնչող կանոնները մարդկանց երբեմն գուցե նաեւ զայրացնող բնույթ են կրում։ Որպեսզի նույն տրամաբանությունը մարդիկ չզգան արվեստի կենտրոնում, որտեղ իրենք այցելում են լիցքաթափվելու, միաժամանակ մենք էլ կարողանանք մեր հարազատների, միջավայրի առողջությունը պահպանել, պետք է խոսել տարբեր լեզուներով»,-ասում է Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Ամիսներ շարունակ փակ մնալուց հետո մեկ շաբաթ է, ինչ թանգարանը բաց է։

«Դեռ քանի որ մեկ շաբաթ է եւ փաստորեն, համընկավ այն շրջանի հետ, որ շատերը քաղաքից դուրս են, շատերն ամառվա վերջին օրերն են վայելելու, շատ մեծ չի հոսքը, զանգերը կան գրանցումները կան սեպտեմբերի համար։ Օգոստոը միշտ եղել է պասիվ ամիս թանգարանների համար, հոսքը սկսվել է սովորաբար սեպտեմբերից»,- հավելում է տնօրենը։

Նոր պայմաններում աշխատելու մեկ այլ ձեւ էլ մշակել են Պատմության թանգարանում։ Այցելուները սովորական տոմսերով կարող են դասախոսություն-շրջայցերի մասնակցել։

Այսպիսով շուրջ 6 ամսվա դադարից հետո մշակույթը նույնպես մարդկանց առօրյա է վերադառնում։ Թանգարանների տնօրինությունների համար անորոշությանը փոխվում է նոր մարտահրավերով՝ հաղթահարել հարկադիր պարապուրդից առաջացած ֆինանսական խնդիրները եւ նոր կանոններով ընդունել արվեստասերներին: