Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի նստավայրում, նախագահությամբ դատավոր Մանվել Շավերդյանի, այսօր՝ օգոստոսի 31-ին, մեկնարկում է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդումը ՀՔԾ կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը։
Ըստ Ղազինյանի բողոքի՝ նյութերի նախապատրաստմամբ քննիչի կողմից չեն պարզվել քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությունը կամ դրանց բացակայությունը, ըստ էության, վարույթն իրականացնող մարմինը բավարարվել է ընդամենը մեկ անձից բացատրություն վերցնելով, որեւէ կերպով հաշվի չի առել հաղորդմանս եւ բացատրությանս մեջ ներկայացված բազմաթիվ փաստերն ու փաստարկները, եւ նյութերին մի քանի փաստաթուղթ կցելով՝ հանգել է անհիմն հետեւության, թե իբրեւ «ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ» հանցագործության կատարման վերաբերյալ։ Քննիչի այդ եզրահանգումն ու որոշմամբ արտահայտած հետեւությունները հիմնազուրկ են եւ չփաստարկված, իսկ առանձին դեպքերում հակասում են իր իսկ որոշման մեջ նշված փաստական հանգամանքներին։
Ըստ Ղազինյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ չեն պահպանվել քրեադատավարական օրենսդրության պահանջները, ինչի հետեւանքով խախտվել են անձի՝ տվյալ պարագայում հանցագործության մասին հաղորդում ներկայացրած քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։
Ըստ բողոքի՝ փաստացի իրականությունը կայացել է հետեւյալում.
«ա/ Նոր կորոնավիրուսն ամենեւին էլ նման չէ հասարակ սեզոնային շնչառական գրիպին։
բ/ Նոր կորոնավիրուսի մահաբերության աստիճանը մի քանի անգամ գերազանցում է սեզոնային գրիպի մահաբերության տոկոսին։
գ/ Նոր կորոնավիրուսը մարդկությանն անհայտ վիրուս է եւ նույնիսկ մինչ օրս գոյություն չունի դրա արդյունավետ բուժման մեթոդիկան, որպիսի հանգամանքն ինքնին պարտավորեցնող հանգամանք է հանդիսանում իշխանությունների համար ոչ թե անպատասխանատու եւ շահախնդիր վարքագծի դրսեւորման, այլ առավել պատասխանատու եւ մաքսիմալ զգուշավոր կերպով նախապատրաստական հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման համար՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ծագման, բուժման, տարածման եւ վտանգավորության, մահաբերության մարդկությանն անհայտ լինելու հանգամանքները,
դ/ ԱՀԿ գլխավոր տնօրենը գրեթե ամեն օր իր հայտարարություններում ահազանգել է նոր կորոնավիրուսի հնարավոր սպասվող ահասարսուռ հետեւանքների մասին, խիստ կարեւորելով երկրների ղեկավարներին ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ նոր կորոնավիրուսի վտանգավորության, մահաբերության բարձր աստիճանի, վարակման եղանակների, դրանից պաշտպանվելու, վարակի տարածման ու կանխարգելման միջոցառումների վերաբերյալ բնակչությանը լիարժեք եւ հավաստի տեղեկատվություն տրամադրելու մասին, առավել կարեւորելով ոչ թե համավարակի տարածման տեմպերին համահունչ գործողությունների իրականացումը, ինչպիսի մարտավարությամբ, ըստ փոխնախարար Ա․Սմբատյանի բացատրության, գործել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այլ վարակի ներթափանցումը երկիր կանխելու, դրա հնարավոր տարածման դեմ անհրաժեշտ բոլոր կոմպլեքս միջոցառումները ձեռնարկելու, այդ թվում՝ մարդկանց կուտակումներից զերծ մնալու, սոցիալական հեռավորություն պահպանելու, հակահամաճարակային բոլոր հնարավոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
ե/ Խիստ կարեւորվել է բոլոր երկրների համար համավարակի փոխանցումը մարդկանց միջեւ եւ վարակի տարածումը կանխարգելելունն ուղղված մարտավարությունը։
զ/ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր հայտարարություններում բազմիցս իր անհանգստությունն է հայտնել, կապված այն հանգամանքի հետ, որ մի շարք երկրներում բավարար լրջություն չի ցուցաբերվում նոր կորոնավիրուսի վտանգավորության եւ անհամաչափ քայլերի արդյունքում հնարավոր սպասվող սպառնալիքների նկատմամբ եւ այլն»։











