Պետք է ամբողջ կառավարությունը հրաժարական տա, լավագույնը դա կլինի, քանի որ այս մարդիկ զուրկ են տարրական կառավարչական հմտություններից եւ գիտելիքներից. սովորական հրաման գրել, որոշում գրել չգիտեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա անդրադարձավ նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նրան համարելով ՀՀ իշխանությունների կամակատար: Փոստանջյանը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանը հրաժարվել էր ընդունել Հայաստանի քաղաքական ուժերից մեկի ղեկավարին (խոսքը Արթուր Վանեցյանի մասին -խմբ), իսկ նրա խոսնակը ներկայացրել էր, թե ինչու Արցախի նախագահը չի ընդունում այդ անձին:

«Մյուս կողմից այդ անձին ընդունում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: Սա նշանակում է, որ դու հանդես ես գալի ոչ թե որպես Արցախի նախագահ, այլ դրված մի անձնավորություն, կամակատար եւ կա այնտեղ մի անձ, որը ավելի բարձր է եւ ինքն է ընդունում»,-ասաց նա: