Օրերս Yandex.Taxi –ն Երևանում Yandex.Taxi-ի հետ համագործակցող մեքենաների համար նախատեսված ախտահանման տաղավար է բացել: Արդեն մեկ շաբաթ է` ընկերության գործընկեր վարորդները կարող են Բրազիլիայի հրապարակում տեղադրված տաղավարում անվճար ախտահանել իրենց ավտոմեքենաները:

«Նպատակը մեկն է՝ հնարավորինս նվազեցնել վարակվածության դեպքերը, հաշվի առնելով այն, որ մարդիկ հաճախ են օգտվում տաքսիներից։ Սա լավագույն առիթ է, որ բոլոր վարորդները, ովքեր օգտվում են Yandex.Taxi–ից, նախ գան, անցնեն անվճար ախտահանում, այնուհետեւ շարունակեն իրենց առօրյա գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Yandex.Taxi ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը:

Ի դեպ, ախտահանումը անվճար հասանելի է ծառայությունում աշխատող յուրաքանչյուր վարորդի՝ անկախ սակագնից, որով նա աշխատում է։ Բոլոր ծախսերը հոգում է Yandex.Taxi-ն։

Ախտահանման կետը գործում է երկուշաբթիից շաբաթ, առավոտյան 07։00-ից մինչև երեկոյան 17։00-ն։ Ախտահանումն իրականացվում է 7-10 րոպեի ընթացքում` երեք փուլով, օգտագործվում են սերտիֆիկացված լվացող միջոցներ և սարքավորումներ։

Վարորդներն իրենց մեքենաները օրվա ընթացքում կարող են ախտահանել անսահմանափակ քանակությամբ:

Սա Yandex.Taxi-ի` COVID 19-ի դեմ ուղղված պայքարի առաջին միջոցառումը չէ: Մինչեւ այս էլ ընկերությունը հատուկ ստեղծված հիմնադրամի միջոցով օգնել է կորոնավիրուսով վարակված եւ իրենց աշխատանքից ժամանակավորապես զրկված վարորդներին:

«Ծառայությունն ստեղծեց հիմնադրամ, որն օգնություն էր տրամադրում բոլոր այն վարորդներին, որոնք ինքնամեկուսացված էին կամ վարակված: Հատուկ ալգորիթմներ կան, որոնցով հաշվվում է վարորդի օրապահիկը: Ըստ այդմ՝ ֆինանսական փոխհատուցում է տրամադրվում նրանց: Առ այսօր 25 վարորդ ունենք , որոնք ինքնամեկուսացվել կամ վարակվել են, բոլորին տրամադրել ենք աջակցություն: Հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունն այնքան ժամանակ, քանի դեռ Covid19-ը չի վերացել մեր կյանքից»,– ասաց Ավետիս Գասպարյանը։