«5-րդ ալիք» հետուստաընկերությունը պատմաբան Էդգար Էլբակյանի սցենարով պատրաստել է «Պատմության առջև» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես 1992-1994թթ․ պատերազմական վիճակում ներդրվեց ճգնաժամային կառավարման մոդելը և ինչպես հաղոջվեց հաղթել թվաքանակով մի քանի անգամ գերազանցող թշնամուն:
«Շուշիի ազատագրումից հետո հայկական կողմը տևական ժամանակ գտնվում էր էյֆորիկ վիճակում: Շատերին թվում էր, թե պատերազմը ավարտված է, և մի շարք կամավորական խմբեր վերադառնում էին իրենց տներ: Այս տրամադրությունները շարունակվում էին մինչև այն պահը, երբ ընկավ Շահումյանի շրջանը, և մարտերը տեղափոխվեցին Մարտակերտի շրջանի տարածք: Շուրջ 40 հազարանոց գաղթականների ներհոսքը Շահումյանից և Մարտակերտից, կտրոնային համակարգով ալյուրի և շաքարավազի տրամադրումը ստեղծել էին ծայրաստիճան անմխիթար իրավիճակ: Համատարած խուճապ էր: Թշնամին գրավել էր ԼՂԻՄ տարածքի շուրջ 60 %ը: Իսկ պետաիրավական դրությունը չէր համապատասխանում գոյացած մարտահրավերներին։
Հաստատվել էր կառավարման նախկին՝ սովետական համակարգի և խորհրդարանական մոդելի մի յուրատեսակ իներցիոն խառնուրդ, ինչն արգելակում էր ճգնաժամային իրավիճակներում որոշումների արագ ընդունման և գործադրման կարևոր մեխանիզմը։ Հասարակական պահանջ կար իշխանությունը կենտրոնացնել մեկ բռունցքի մեջ և իրականացնել ճգնաժամային կառավարում:
Տեղական ակտիվի ջանքերով ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտեն, որը, ըստ էության, կենտրոնացնում է գործադիր և, մասամբ, օրենսդիր իշխանության լիազորությունները: Այս կառույցը ստանձնում է իշխանության պատասխանատվությունը գերլիազորություններով, ինչը հնարավորություն էր տալիս պատերազմական վիճակում արագ արձագանքել, որոշումներ կայացնել: ՊՊԿ նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, հաստատվում է նաև Կոմիտեի կազմը և լիազորությունները: ՊՊԿ-ի ստեղծումից հետո միանգամից հայտարարվում է ռազմական դրություն: Այս ամենի արդյունքում ֆիդայական խմբերը վերածվում են կանոնավոր բանակի: Հիմք է դրվում պետականաշինությանը, բեկում է մտնում պատերազմական գործողություններում»,- այդ շրջանի իրադարձություններն են նկարագրվում ֆիլմում։
Ֆիլմում իրադարձությունները ներկայացվում են դրանց մասնակից անձանց կողմից։
«Ընդհանուր մոբիլիզացիայից եւ ռազմական դրություն մտցնելուց հետո մեր բանակը հնգապատկվել է եւ բոլորը հասկացել էին, որ այնպես չի, որ թաղի մի քանի խիզախ տղա որոշել են պայքարել, բոլորը պետք է զենքը ձեռքին առաջին գծում լինեն։ Փոփոխությունն ակնկհատ էր, ուղղակի 2-3 ամիս տեւեց, որ այդ փոփոխությունը և՛ ժողովուրդը զգա իր վրա, և՛ հակառակորդը՝ մեր թշնամին զգա»,- պատմում է Ռոբերտ Քոչարյանը։
Ֆիլմն ավարտվում է Քելբաջարի օպերացիայի մասին դրվագով՝ որպես օրինակ դեպքի, երբ ՀՀ-ից և նրա ղեկավարությունից ունեցած բնական կախվածության պայմաններում Երևանի և Ստեփանակերտի տեսակետները տարբերվում էին։ Ներկայացվում է պատմությունը, թե ինչպես պահեցին Քելբաջարը:











