Իրենցից ոչ մի բան չի պահանջվում, թող թողեն գնանք հասնենք մեր ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

«Ապրում եմ Նոր Գեղիում։ Էնքան եմ եկել, էնքան խոսել, արդեն հոգնել եմ, բայց ինչ օգուտ, որ մեր ձայնը ոչ ոք չի լսում։ Արդեն չգիտենք ոնց անենք։ Ես վեց ամիսա էստեղ եմ։ Էնտեղ աշխատանք ունեի, վարձով էի ապրում, լավ ապրել եմ։ Եկել եմ էստեղ տուն ունեմ, աշխատանք չունեմ, չեմ էլ գոյատեւում։ Աշխատանքի չեն վերցնում, ինձ ասում են մորքուր ջան տարիքով ես, մեզ պետքա 18-35 տարեկան։ Բա հիմա մորքուրն ի՞նչ անի, որ ոչ թոշակիա, ոչ էլ մեռնումա։ Վեց ամիսա ոչ ծրագիր, ոչ օգնություն, դեսպանատուն էլ ենք դիմել՝ 7-8 անգամ եկել, արհամարհված գնում ենք, անգամ համար են մեզանից վերցրել, պատասխան չեն տալիս։ Իմ տղան, հարսը էնտեղ են, աղջիկս էլ փեսայի հետ եկավ հարսանիքի ու բուժման համար, մնացին, իրենք էլ են վարկի տակ, չեն կարողանում փակել, անհնար է։ Ֆինանսական խնդիրների պատճառով տունը կռիվ է, չգիտեն 4 միլիոն վարկը ոնց են տալու»,- ասաց ցուցարարը։

Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս է ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից եւ բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանները բացման համար։ Նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել։