ՍԴ դատավորի թեկնածությունը հետ կանչելը եղել է Վահրամ Ավետիսյանի որոշումը, եւ եթե ինձ իրավունք չեմ վերապահի մեկնաբանել դա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Ես մի փոքր զարմացա, որ պարոն Ավետիսյանն ասաց, որ ՍԴ-ի վերաբերյալ իր եւ «Իմ քայլի» պատգամավորների միջեւ մոտեցումների ու պատկերացումների տարբերություն կար, որովհետեւ առնվազն քննարկման ժամանակ մենք բոլորս առաջոնդրվում էինք այն կարեւոր սկզբունքով, որ ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական, պետք է լինի արժեքների դատարան, ՍԴ դատավորը պետք է պաշտպանի այն ժողովրդավարական արժեքները, որոնք դրված են Սահմանադրության հիմքում եւ իրականացնի սահմանադրական արդարադատություն: Կարծես այս հարցում ունենք կոնսենսուս ոչ միայն խմբակցությունում, այլեւ ողջ խորհրդարանում: բայց դա եւս պարոն Ավետիսյանի իրավունքն է, որը եւս պետք է հարգվի»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մամուլում գրվել էր, որ Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի աչալուրջ «հսկողության» տակ էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ Նա Վճռաբեկի քրեական պալատի նախագահ է նշանակվել 2008 թվականի հունվարի 1-ին։ Քրեական արդարադատության ոլորտում նրա դերակատարումը եւ դատավորներին հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել։

Այսինքն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ժամանակ բոլոր քրեական-քաղաքական դատավճիռները կայացվել են նրա կողմից եւ նրա անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների, նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների դատավճիռները։

Բացի այդ, բաց նամակով պատգամավորներին էին դիմել «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու նախկին քաղբանտարկյալները, կոչ անելով չքվեարկել Վահրամ Ավետիսյանի թեկնածության օգտին: