«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը մտահոգություն չունի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է առաջիկայում մեծ հանրահավաք անել։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ կարծում է ընդդիմության մոտ մեծ հանրահավաք անել չի ստացվի։
«Մեր խորհրդարանական գործընկերները ունենալով խորհրդարանական հարթակ, որը շատ ավելի արդյունավետ կարող է լինել կոնկրետ հարցերի լուծման համար, ինչպես նաեւ իրենց գաղափարները առաջ բերելու համար, տարօրինակ է, որ եթե կա նման հարթակ՝ ինչո՞ւ են նախընտրում փողոցային պայքարը։ Համենայնդեպս դա իրենց որոշելիքն է»,- ասաց պատգամավորը։
Իշխող ուժի պատգամավորի դիտարկմամբ՝ «Բարգավաճ Հայաստանը» այս քայլով այլ նպատակներ է հետապնդում. «Գուցե, իսկապես բազմամիլիոնանոց հանրահավաքներ է կարողանում կազմակերպել «Բարգավաճ Հայաստանը», ինչը, իհարկե, ես մի քիչ անհավանական եմ համարում։ Բայց տեսնենք, ինչպես ասում են՝ վատն է այն զինվորը, որը չի փորձում եւ չի ուզում դառնալ գեներալ»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։
Ըստ նրա՝ մինչեւ հիմա մեծ հանրահավաքներ չեն եղել, որովհետեւ ՀՀ քաղաքացին դրա անհրաժեշտությունը չի տեսնում։
«Չկա այն շարժիչ ուժը, որը ՀՀ քաղաքացուն օբյեկտիվորեն դուրս կհանի փողոց, գուցե որոշ շրջանակների դրդմամբ փոքր շրջանակներ դուրս գան, բայց իմ խորին համոզմամբ դա չի բխի քաղաքացիների ռեալ դժգոհությունից, առավելեւս չի ներառի լայն շրջանակներ»,- նկատեց նա։
Հարցին, թե ընդդիմությունը հասարակության շրջանում վստահություն չունի՞, թե՞ հասարակությունը Կառավարությանը դեռ վստահում է, Արուսյակ Ջուլհակյանը երկուսն էլ չբացառեց:
«Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք ընդդիմադիր ուժ ասվածի հետ։ Մենք տեսնում ենք, որ իրենց ընդդիմություն համարող ուժերն անհասկանալի բաներով են զբաղված, դասական իմաստով ընդդիմադիր քաղաքական ուժի գործառույթ չեն իրականացնում եւ դա է նաեւ պատճառը, որ չեն կարողանում գրավել հանրության վստահությունը»,- նշեց իշխող ուժի պատգամավորը։
Մեր հարցին, եթե «Բարգավաճ Հայաստանին» միանան նաեւ ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը, հավանական համարո՞ւմ է, որ լայն զանգված դուրս կգա փողոց, Արուսյակ Ջուլհակյանն ասաց․«Ես որեւէ պարագայում հավանական չեմ համարում, որ որեւէ զանգված դուրս կգա, այստեղ խնդիրն այն չէ, որ ԲՀԿ-ն չունի այդ վստահությունը, խնդիրն այն է, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ չունի այդ վստահությունը եւ դա պայմանավորված է նրանով, որ սրանք այն ուժերն են, որոնք արժեհամակարգային իմաստով ըստ էության մերժվել են հեղափոխության ժամանակ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հեղափոխության ժամանակ միայն ՀՀԿ-ն չմերժվեց։
«Այն ուժերը, որոնք ժամանակին ասոցացվել, կիսել են քաղաքական պատասխանատվությունը նրանց հետ՝ կոալիցիայի մեջ մտնելով, կամ այն ուժերը, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ նույն արժեհամակարգի եւ հոգեկերտվածքի կրողն են, նրանք նույնպես մերժված են հասարակության կողմից, նրանք լուրջ շանս չունեն քաղաքական ասպարեզում»,- ասաց նա։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը, Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ հստակ չէ, թե երբ նիստերը կլինեն, բայց չբացառեց, որ դատավորների ընտրությունը կանցկացվի հերթական նիստի ժամանակ։
Թե ինչո՞ւ խմբակցությունը մինչ այժմ չի հանդիպել ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ, մինչդեռ մյուս թեկնածուների հետ հանդիպում եղել է, պատգամավորը հիշեցրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՀՀ նախագահը առաջին անգամ առաջադրել էր, հանդիպում եղել է, ծանոթ են նրա գաղափարներին։ Չնայած, կրկին չի բացառում, որ այս անգամ էլ հանդիպում լինի։
Հիշեցնենք, որ 2019թ․-ի մայիսի 29-ին ԱԺ-ն 30 կողմ, 53 դեմ ձայների հարաբերակցությամբ չընտրեց Արթուր Վաղարշյանին՝ ՍԴ դատավորի պաշտոնում։ Մեր հարցին՝ եթե անցյալ անգամ նա չընդտրվեց ՍԴ դատավոր, հնարավո՞ր է այս անգամ էլ չընտրեն, Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց․
«Ես չեմ կարող նման ենթադրություն անել, բայց նաեւ չեմ բացառում, որովհետեւ կոնկրետ իմ մեջ նրա հետ կապված բան չի փոխվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։











