2021թ․-ին Գյումրիում ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Իշխանությունը, ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝  պատրաստվում է այդ ընտրություններին, սակայն թե ո՞վ է լինելու ավագանու ցուցակի  առաջին համարը՝ դեռ պարզ չէ։ Մամուլում հիմնականում շրջանառվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի անունը։ NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը, որը Շիրակի նախկին մարզպետն է, ասաց, որ  այս փուլում հիմնականում  շրջանառվում են այն անունները, որոնք քաղաքում հայտնի են, այսինքն՝ վայելում են գյումրեցիների սերը, հարգանքը, և այդ մարդկանցից մեկը հենց  Արթուր Ալեքսանյանն է։

«Քանի որ իշխանության կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չկա Արթուր Ալեքսանյանի մասով և ես շատ մոտ լինելով Արթուր Ալեքսանյանին,  տեղյակ եմ, որ նա պատրաստվում է  գալիք օլիմպիական խաղերին և հիմնականում իր ժամանակը տրամադրում է մարզվելուն, ակտիվ պրոցեսի մեջ է։ Հիմա մարդիկ, քաղաքական ուժեր փորձում են ոչ միայն Արթուր Ալեքսանյանի  անունը շոշափել, այլ տարբեր հայտնի մարդկանց, որպեսզի հասկանան թե ինչ տրամադրվածություն կա։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այո, ես ուրախ կլինեի, որ որպես բնիկ գյումրեցի ինչու չէ մեր քաղաքապետը լիներ Արթուր Ալեքսանյանը, սա իմ անձնական կարծիքն է, որովհետև նա գյումրեցիների սերը, հարգանքը վայելում է»,- ասաց նա։

Հարցին, թե իսկ արդյո՞ք նա ունի  կարողություններ, ունակություններ, որոնք պետք է ունենա քաղաքապետը և կարող  է կառավարել քաղաքը, պատգամավորը դրական արձագանքեց։

«Նա մեծ կամք ունի, որը ապացուցել է իր հաջողություններով սպորտում և ես վստահ եմ, որ եթե ունենանք նման քաղաքական որոշում և Արթուր Ալեքսանյանը համաձայնի, մենք կունենանք Հայաստանի լավագույն քաղաքապետերից մեկը»։

Ճշտող հարցին, թե չի բացառում, որ քաղաքական մեծամասնությունը առաջարկի Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը, Կարեն Սարուխանյանն արաձագանքեց․

«Ես ոչինչ չեմ բացառում, բայց այն որ այս պահին Արթուրը զբաղված է սպորտով և տրամադրված է գալիք օլիմպիական խաղերին,  դա փաստ է»։

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հավելեց, որ այլ տարբերակներ ևս քննարկվել են, բայց անուններ չնշեց։

«Քննարկվել են տարբերակներ հենց թիմի ներսից և հիմա այդ քննարկումների փուլում ենք»,- ասաց պարոն Սարուխանյանը՝ հավելելով, որ ստույգ որոշում դեռ չունեն։

Շիրակի նախկին մարզպետի համոզմամբ՝ Գյումրու քաղաքապետը պետք է բնիկ գյումրեցի լինի, Գյումրիի և գյումրեցու խնդիրներին ծանոթ մարդ։

«Գյումրեցու ցավն իմանալով՝ ամեն ինչ կանի, որպեսզի կիսի այդ ցավը»,- շեշտեց նա։

Հարցին, թե գյումրեցին իր ձայնը կտա՞ իշխանությանը, Կարեն Սարուխանյանը համոզված է, որ այո։

«Ով-ով, գյումրեցին, միանաշնակ իր ձայնը տալու է իշխանություններին, որովհետև  այս երկու տարիների ընթացքում վստահ եմ, որ ՀՀ-ում չկա այլ քաղաք, որն այնքան մեծ ուշադրության է արժանացել, որքան Գյումրին։ Գյումրեցիների հետ շփման արդյունքում և քաղաքում լինելով ես տեսնում եմ ժողովրդի վերաբերմունքը, որովհետև դա տեսանելի է, որ քաղաքն օր-օրի փոխվում է»,- նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։ 

Շիրակի մարզից  «Իմ քայլում» ներկայացված մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին նախ նշեց, որ Արթուր Ալեքսանյանը հերքել է այդ տեղեկությունները։

«Քանի որ ընտրություններին կա բավականաչափ ժամանակ, այս պահին իմ օրակարգում այդ հարցով հետաքրքրվելու նախաձեռնություն չկա, դեռ վաղ է»,- ասաց նա։

 Սոֆյա Հովսեփյանը նաև  վաղ է համարում գնահատականներ տալ, թե Արթուր Ալեքսանյանը  համապատասխանո՞ւմ  է քաղաքապետի թեկնածուին, թե՞ ոչ։

«Երբ մենք քննարկենք այդ հարցը, ես իմ մոտեցումները կհայտնեմ, և առհասարակ իմ պատկերացումների մասին որպես Շիրակի մարզի  պատգամավոր։ Ինքը պետք է լինի, թե ինքը չպետք է լինի, ինքը այն մարդկանցից է, որ հավասարազոր ունի բոլոր իրավունքերը, ինչպես որ ցանկացած այլ մարդիկ, որոնք  հետագայում կցանկանան թեկնածու լինել»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։

Ըստ նրա՝ հայտնի և սիրված լինելը դեռևս որևէ բան չի նշանակում։

«Ինքը հայտնի է սպորտի ասպարեզում, բայց քաղաքը պետք է ունենա այնպիսի քաղաքապետ, որ ոչ թե հայտնիության սկզբունքով է ընտրվելու, այլ իր կառավարման մոտեցումներով, իսկ այս առումով ես չեմ կարող ասել, թե ինչպիսին է ինքը։ Ես իրեն չեմ ճանաչում այդ առումով, ես նրան հարգում և սիրում եմ որպես մեր երկրի մարզիկ, բայց թե ինչպիսի քաղաքապետ կլինի, ես իր կարողություններին ծանոթ չեմ և վստահում եմ իր խոսքին, որ պատրաստվում է օլիմպիական խաղերին։ Կարծում եմ այս պահին սա իր այնքան կարևոր քայլերից մեկն է, որ պետք չէ անընդհատ հուզական  ֆոն ստեղծել մյուս շեղող թեմաներով»,- հավելեց Սոֆյա Հովսեփյանը։