Ալիեւի պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։ Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրանք բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ եւ ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան»,--ասել է նա:
Դիտարկմանը, որ Ալիեւը դա սադրանք է որակել, Փաշինյանն արձագանքել է. «Տեսեք, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որեւէ մեկն արտագաղթել է եւ հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, արդոք դա սադրա՞նք է: Ո՞րն է այստեղ սադրանքը, կարո՞ղ եք բացատրել ինձ»:
Դիտարկմանը, որ կան նաեւ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք հայկական կողմի զինվորականներն իրականացրել են 1980-ականների վերջերին եւ 1990-ական թվականների սկզբում, ՀՀ վարչապետը դա անհեթեթություն է որակել. «Որտեղի՞ց այդ տեղեկությունները: Դա Ադրբեջանի քարոզչությունն է: ՄԻԵԴ-ն ունի կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ որոշումներ` Ադրբեջանի դեմ: Եկեք դիտարկենք Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքը, որը հայ սպայի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հայ սպան Սաֆարովի կողմից սպանվեց կացնով` քնած ժամանակ: Ադրբեջանը երկար տարիներ իրականացնում է հակահայկական քարոզչություն, եւ այդ դեպքը դրա հետեւանքներից մեկն է: Այն տեղի է ունեցել Հունգարիայում: Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման: Բանտում 8 տարի անցկացնելուց հետո Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ Ալիեւը նրան ազատ արձակելու որոշում է ընդունել, եւ համազգային փառաբանության գործընթաց է սկսվել: Այս մեկ դրվագը նկարագրում է Ղարաբաղյան հակամարտության պատմությունը: Այսօրվա իրադարձությունների կոնտեքստը կարող է բացատրվել սրանով: Այսօր բազմաթիվ ռամիլ սաֆարովներ են հարձակվում իրենց տներում քնած խաղաղ մարդկանց վրա»:











