Իլհամ Ալիեւը Թուրքիայի ձեռքում խամաճիկ է դարձել: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ եթե նախկին արկածախնդրություններին Ալիեւը պատրաստվում էր, ապա հիմա նրան այդ արկածախնդրությանը ստիպել է գնալ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ալիեւի ընտրությունը մեծ չէ. այժմ, քիչ հավանական է, որ նա կկարողանա իշխանությունը փոխանցել իր կնոջը: Ալիեւի՝ խամաճիկ լինելու մասին խոսում է նաեւ այն, որ միջնորդների բոլոր առաջարկներին հետեւում է Թուրքիայի մասնակցության անհրաժեշտության մասին պատասխանը:

«Ստեփանակերտում թեյ խմելու իր խոստումն Ալիեւը չկատարեց: Այժմ նա պետք է հեռանա, հնարավոր է, որ արդեն հեռացել է, ամբողջ աշխարհը գիտի, որ ագրեսիա է սնում եւ ղեկավարում Թուրքիան»,-ասաց Թովմասյանը:

Խոսելով Արցախի խորհրդարանի եղբայրության կոչին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների արձագանքի մասին՝ Արթուր Թովմասյանը նշեց, որ հայտարարությունը մեծ արձագանք է ստացել Ռուսաստանում բնակվող լեզգիների, թալիշների, թաթերի, քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների շրջանում: Ադրբեջանում եւս ակտիվանում է ազգային շարժումը: Լեզգիները դժգոհություն են հայտնում, որ իրենց երեխաներին առաջնագիծ են ուղարկում: Նմանատիպ հայտարարությամբ հանդես են եկել նաեւ թալիշները:

Թովմասյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի  զինված ուժերի կողմից Արցախի քաղաքների եւ գյուղերի հրետակոծություններին եւ պատասխան գործողություններին: «Հակառակորդը խփում է խաղաղ բնակչության ուղղությամբ, եւ մենք պետք է ադեկվատ պատասխան տանք: Ստիպված ենք դա անել: Երկու կողմերից էլ զոհեր կան: Ադրբեջանցիներ, եթե դուք տղամարդ եք, դուրս եկեք բաց մարտի»,-ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ զոհվածների մարմինների փոխանակումն անհնար է Ադրբեջանի դիրքորոշման պատճառով: Նա նաեւ հայտնեց, որ զոհվածների շրջանում շատ վարձկաններ ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան: