Մենք երբեք պատերազմը չենք սկսել և զինադադարը չենք խախտել, հերթական անգամ նենգաբար սկսեցին լայնածավալ և դաժան պատերազմ՝ ահռելի զինանոցով, և ոչ միայն Ադրբեջանը, նրան Թուրքիան, Պակիստանը ամեն ինչով սատարում են։ Այս մասին Արցախում հրավիրված ասուլիսին նշեց Արցախի թեմի առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Քիչ է, որ ահաբեկիչներ է բերել Սիրիայից, Լիբիայից, տեսնելով, որ շատ կորուստներ ունի, հիմա Աֆղանստանից է բերում վարձու ահաբեկիչներ, և երբ մարտի դաշտում մերոք համառորեն դիմադրում են նրանց կատաղի հարձակումներին, նրանք սկսում են վրեժխնդիր լինել քաղաքներից և գյուղերից: Երեկ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն վերևից հարվածեցին, Ռուսաստանից երեք թղթակիցներ վիրավորվեցին: Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել, սա միջազգային տեռորի ձեռագիրն է»,- ասաց Պարգև Սրբազանը:

Նա հիանում է սահմանին կանգնած 18, 20 տարեկան զինվորներներով։ Նրանց գործը հերոսություն է որակում Սրբազանը։

«Այո, ուժերն անհավասար են, բայց դա չի նշանակում, որ մենք չենք դիմադրելու, ավելին՝ մենք կատաղի դիմադրում ենք, մեր գործն արդար է ամեն պետություն իրավունք ունի պաշտպանվելու, ինչը մենք անում ենք։ Մենք խաղաղ ենք, ոչ մեկի մահը չենք ցանկանում։ Սա մեր ճակատագիրն ու փորձությունն է։ Ամեն մարդ նա է՝ ինչպես կարողանում է հաղթահարել փորձությունը։ Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մեզ և մեր Աստծուն, մենք դուրս ենք գալու այս փորձությունից: Մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի, ինչն ունեն մեր զինվորները, համախմբվենք, ուս ուսի տանք և մեր հարցերը կլուծենք»,- ասաց նա:

Արցախի թեմի առաջնորդը դիմելով հայությանը, կրկին  կոչ արեց համախմբվել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որ շատ արագ վերանորոգենք ավերված շինությունները։  Նա հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։