«Զինուժ» մեդիան ռեպորտաժ է պատրաստել ճակատ մեկնելուց առաջ տանկիստների մարզումներից։
Զորահավաքի մասնակիցները մինչեւ ռազմաճակատ մեկնելը վերհիշում են անցած փորձն ու կարողությունը։ Նրանք ժամկետային ծառայողության ընթացքում տանկիստներ են եղել, այսօր էլ նույն ու սիրելի մասնագիտությամբ են համալրել հայրենակիցների շարքերն ու պատրաստվում են պաշտպանել հայրենիքը։
«Ավագին կանչել են, բայց մինչ այդ էլ այստեղից շատերը գտնվողներն արդեն կամավոր հերթագրվել, պատրաստ, դուխը տեղը եկել են, որ պաշտպանեն հայրենիքը, Արցախը։ Ամեն ինչ լավ է, բոլորիս տրամադրությունն էլ բարձր է ու պատրաստ ենք»,- ասել է տանկիստներից մեկը։
Տանկիստների մարզումը կարճաժամկետ է, սակայն հագեցած օրակարգով առավոտից մինչեւ երեկո իրականացվող մեքենավարումներով, կրակային ելույթներով վերհիշում են այն ամենն ինչ անհրաժեշտ կլինի մարտական տեխնիկան գործի դնելիս։
«Այստեղ արդեն մարտական ընկերներ ունենք, մի ընտանիքով, արդեն այդ սկզբունքը մեզ մեջ դրված է։ Նույն կազմակերպված վիճակով էլ արդեն մեկնել ռազմաճակատ հասնել մեր ընկերներին։ Թող իրենք էլ գիտակցեն, որ այստեղ ձեր մասին շատ են մտածում, կամավորները դեռ հերթով կանգնած են, որ հասնեն, գան ձեզ լրացնեն, թեկուզ դուք հետ գաք հանգստանալու, մենք շարունակենք ձեր գործը»,- նշել է տանկիստներից մեկը։
Հրամանատարները յուրաքանչյուրի հետ ու նրանց կողքին վերացնում են բոլորի թերությունները, հիշեցնում անվտանգության կանոնների մասին ու հետեւում պահեստազորի տղաների կրակային արդյունքներին։
«Ծառայությունն ավարտել են 8-10 տարի առաջ, բայց կարճ ժամանակում շատ արագ կարողացան վերհիշել։ Ներկայիս դրությամբ անձնակազմը պատրաստ է մեկնելու սահման»,- նշել է հրամանատարը։











