Պատերազմի 19-րդ օրը թեժ մարտերն Արցախյան ճակատում շարունակվել են։ Գիշերը հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Հարավում ծանր ու համառ մարտեր են, կեսօրին հայտնեց Պաշտպանության նախարարությունը։ Երեկոյան Ստեփանակերտը նորից հրթիռակոծվեց։
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է ՊԲ հրետանու դիպուկ կրակով ոչնչացվում թշնամու կենդանի ուժը։ Հակառակորդն անցած մեկ օրում կորցրել է եւս 4 ԱԹՍ, 5 միավոր զրահատեխնիկա, 2 ինքնաթիռ, տվել 350 սպանված:
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները, հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: Վերջին օրերին գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուներով, անդադար գրոհել է մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց մեծ կորուստներ հետ է շպրտվել։
Հակառակորդը շարունակում է հրաժարվել հումանիտար հրադադարը պահպանելուց, ինչը թույլ կտար դուրս բերել իր դիակները, նաև հրաժարվում է աշխատել ԿԽՄԿ-ի հետ գերիների փոխանակման հարցով։ Հայկական կողմը հայտնել է, որ մեզ մոտ էլ հակառակորդի գերիներ կան, սակայն նրանց թվի ու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնում։
Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 49 զինծառայողների անունները։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, սահմանվել է նշված տարածքից Արցախի քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ: Ստեղծվել է պարետատուն՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի գլխավորությամբ: Արցախի տարածքից զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ելքը թույլատրվում է միայն պարետի տված անցաթղթի դեպքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Փաշինյանը Ֆեյսբուքում նշել է, որ գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս։
Վարչապետը նախագահին միջնորդել է նաեւ գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին եւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին կշնորհվի գեներալ-մայորի կոչում։
Արցախի նախագահը պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որն առաջիններից մեկն է աշխարհին հայտնել Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել։ Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը պատմել է, որ ինքն ու եղբայրը Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չեն տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Հայ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին միայն ֆիլմերում ենք տեսել»։
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այստեղ առաջնահերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը, պատրա՞ստ են դրան: Մենք դրա պատասխանը դեռ չենք ստացել»,- հավելել է նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, թե Անդրկովկասում արդեն երկխոսության հաստատում է ընթանում պատերազմող կողմերի միջեւ: «Ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցն այս տարածաշրջանում»,- ասել է նա՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Զասը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 2-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհուրդը կհաջողվի անցկացնել առերես ձեւաչափով՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը:
ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ կոչ է արել պատժել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմների դեմ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր հակառեկորդ է գրանցվել. 1371 դեպք մեկ օրում։ Վարակվածների թիվը հասել է 60 հազարի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի: Ընդհանուր առմամբ մահացել է 1357 վարակակիր։
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Վերջին շաբաթների ներքաղաքական քաոսի պայմաններում Ժեենբեկովն իր հրաժարականը պայմանավորել է արյունահեղությունից խուսափելու ցանկությամբ։
«Ես չեմ կառչում իշխանությունից: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափում»,-նշել է նա:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.34 դրամով ու հասել 491.68 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.63 դրամով ու կազմել 575.81 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով ու հասել 637.66 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով ու կազմել 6.30 դրամ:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 10-12, վաղը ցերեկը 24-26 աստիճան տաքություն։











