Մոտ 20 հազար մարդ հավաքվել է Լայպցիգում (Սաքսոնիայի դաշնային հող)՝ ցույց անցկացնելու կորոնավիրուսային միջոցառումների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցչին:
«Մոտ 20 հազար մարդ է հավաքվել»,- ասել է նա: Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ ցուցարարները խախտում են հասարակական կարգը, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Նա չի կարողացել հստակենել, թե եղել են արդյոք ձերբակալություններ:
Ինչպես գրում է DPA գործակալությունը, մասնակիցների մեծ մասը դիմակ չի կրում եւ չի պահում հեռավորությունը:
Երկուշաբթի օրվանից Գերմանիայում գործում է կարանտինային նոր ռեժիմ: Առնվազն մեկ ամսով փակվել են ռեստորանները, բարերը եւ նման այլ հաստատությունները, սնունդն ու ըմպելիքը թույլատրվում է վաճառել միայն տանելու համար:
Աշխատանքը դադարեցրել են նաեւ ֆիթնես-ակումբները, տատու-սրահները, լողավազանները, գեղեցկության եւ մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները եւ համերգասրահները: Ի տարբերություն կարանտինի, որը գարնանն էր, մանկապարտեզներն ու դպրոցները, ինչպես նաեւ վարսավիրանոցներն ու խանութները բաց են: Հասարակական վայրերում թույլատրվում է հանդիպել առավելագույնը երկու տնային տնտեսությունների ներկայացուցիչների: Հյուրանոցներում կարելի է գիշերել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում, այլ ոչ թե զբոսաշրջային նպատակներով:
Վերջին օրվա ընթացքում Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն ավելացել է 23 399-ով, ինչը նոր հակառեկորդ է: Վարակից 130 մարդ է մահացել: Համավարակի ողջ ընթացքում վարակը հայտնաբերվել է Գերմանիայի 642 488 բնակչի մոտ, ավելի քան 11,2 հազար հիվանդ մահացել է վարակից հետո առաջացած բարդություններից:











