Այս կապիտուլյացիոն փաստաթուղթը հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից էր եւ սա իշխանությունների կողմից մեր հայրենիքի հանձնման քաղաքականության կուլմինացիոն կետն էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչ Արա Գասպարյանը:
Նրա խոսքով, դա իրականացվեց բանակի, հասարակության եւ քաղաքական ուժերի թիկունքում: «Նիկոլ Փաշինյանը եւ ներկա վարչկարգը պետք է հեռանան, որովհետեւ նրանք չունեն բարոյական իրավունք այլեւս քաղաքականության մեջ լինելու, երկիրը կառավարելու, եւ նրանք ունակություններ, հմտություններ չունեն մեզ այս վիճակից դուրս բերելու համար: Մենք հիմա ծանր վիճակում ենք, բայց կան ելքեր: Ամենակարեւորը, այս վիճակից դուրս գալուց հետո մենք պետք է մեր երկիրը տանենք նորացման, արդիականացման ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը եւ նրա ապիկար վարչակազմը ի վիճակի չեն դա անելու: Նրանց խնդիրն այս ընթացքում հողերի հանձնումն էր, որի վերջին արարն իրականացվեց այս խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով: Մեզ սպասում են դժվարին օրեր, բայց մենք հաղթահարելու ենք այս դժվարությունները, մեր երկիրը տանելու ենք նորացման, արդիականացման ճանապարհով եւ մենք վերականգնելու ենք մեր կորուստները»,-ասաց նա:











