Որդեկորույս մայրեր, միթե դուք ոչինչ չունեք ասելու այստեղ. ինչու այստեղ չեք. ես պատասխան եմ պահանջում այն մարդուց, ով ստորագրեց ու հողերը հանձնեց. Ինչի՞ համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազատության հր-արակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նշեց պատերազմի ժամանակ զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրը:

«40 օր ես ողբում եմ, բայց ողբալով ոչինչ հնարավոր չէ անել. ես հասարակ, անկուսակցական մի բուժքույր եմ, որն իր կյանքի 40 տարին տվեց ծառայելու ժողովրդին: Ես իմ ժողովրդին տվեցի առյուծ զավակ, լուրջ զինվորական պատրաստությու անցած, Հունաստանում սովորած: Ես պատրաստ եմ եւ պատրաստ էի, երբ իմ որդին գնում էր սովորելու: Ես գիտեի, որ եթե զինվոր է, պետք է հայրենիքը պաշտպանի: Դա նորմալ է, բայց նորմալ չի, որ հիմա չգիտեմ ինչի համար իմ որդին գնաց ու զոհվեց: 

Հիմա իմ որդու մասունքներն անգամ չկան, դուք դա հասկանո՞ւմ եք, պատկերացնո՞ւմ եք: Իմ նման հազարավոր մայրեր կան, ես կուզեի նրանց տեսնել այստեղ: Հիմա որտեղ են մեր բալիկները, նրանց մարմինները, մենք չգիտենք, որովհետեւ այդ հողերը տրված են թուրքին: Անգամ մասունքները հնարավորություն չունենք բերելու եւ հողին հանձնելու:

Թող վարչապետը գա ու իմ աչքերի մեջ նայի, ու ասի, թեինչի համար ես տվեցի այդ հողերը: Ես այլեւս ոչինչ չունեմ կորցնելու: Ես իմ հարազատ մասունքը ազգին եմ տվել, բայց պարզվում է երկրին չեմ տվել, թուրքի հողին եմ տվել: Թող գա ու պատասխան տա, եթե էդքան թասիբ ունի, որ թասիբից էր խոսում:»,-ասաց նա:

Հանկարծ հրապարակում ինչ-որ շարժ տեղի ունեցավ, հավաքվածները սկսեցին բացականչել «Նիկոլ դավաճան», իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը վերցրեց խոսափողն ու ասաց. «Ժողովուրդ սադրանքների մի տրվեք, ոստիկաններ, զենքը մի ուղղեք ժողովրդի ուղղությամբ»:

Ոստիկանության աշխատակիցները սկսեցին հայտարարեց, որ հանրահավաքի անցկացումն անթույլատրելի է:

Քիչ անց ամեն բան հանդարտվեց եւ հանրահավաքը շարունակվեց: