Հիվանդանոցում պառկած տեսնում եմ, որ հող են հանձել։ Ո՞վ են սրանք, մենք կռվում ենք, իրենք հո՞ղ են տալիս։ Իրենք Ղարաբաղի համար գոնե մի բան արած կա՞ն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը, ով Մարտակերտի շրջանում մարտերի ընթացքում վիրավորվել է։ 

«Խոսում են նախկիններից, նախկինները մեզ հայրենիք են տվել, որտեղ մենք ապրում էինք, բա դուք ո՞վ եք, հիմա դավաճանը դո՞ւք եք, թե՞ նախկինները։ Խոսում են, թե զինվորները չեն կռվել, ի՞նչ եք սաղ գցում զինվորների վրա, սաղ էլ կռվել են։ Շուշին պահում էին, Քարինտակը պահում էին, գիտեմ, նման զինվոր չկար, որ ասի՝ չեմ ուզում կռվել, չկա նման զինվոր, էդ ով էլ որ խոսում է, դուք եք սովորեցրել, հաստատ էդպես է, մեջն եմ եղել՝ գիտեմ։ Եղածին էլ չեք տարել, ինչքան մարդ է հերթագրվել, ինչի՞ չեք տարել, որ հիմա էլ ասում եք, թե զորք  չի եղել,- հայտարարեց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ղարաբաղցիք պետք է գնան Ղարաբաղում ապրեն, եւ ոչ թե Երեւան գան, Արթուր Բեգլարյանն ասաց՝ պատրաստ է Քարինտակում եւ Շուշիում գտնվող իրեն ու կնոջը պատկանող տները անվճար տրամադրել նման կերպ արտահայտվողներին։

«Գնացեք Ստեփանակերտում ապրեք, տեսնեմ կարո՞ղ եք, երբ 82 մմ-անոց ականանետը երբ ուզի կարող է խփել Ստեփանակերտին։ Սնայպերը կարող է յուրաքանչյուր ժամանակ խփել, տեսնեմ կարո՞ք եք ձեր երեխաներին փողոցում թույլ տալ խաղալ, կամ խանութ ուղարկել, կարո՞ղ եք՝ չեք կարող»,- հավելեց նա։