Թուրքը Ղարաբաղին չի տիրանալու։ Մենք այնտեղ գյուղեր ունենք, թուրքը չի կարող էդ շիրմաքարերին, խաչքարերին տիրանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հանրահավքի ընթացքում հայտարարեց Մատաղիս համայնքի նախկին ղեկավար Նորա Գասպարյանը։
«Ես այնտեղ թողեցի որդուս գերեզմանը, եւ ոչ միայն, այլեւ աշակերտներինս։ Ասացեք՝ ինչպե՞ս ես գնամ, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, չեմ իմանում։ Փաշինյան, երբ ստորագրեցիր այդ փաստաթուղթը, հարցրի՞ր ղարաբաղցուց, չէ որ դու ասել էիր՝ ղարաբաղցու հետ ես գործ չունեմ, բա էդ ինչպե՞ս եւ ինչո՞ւ ստորագրեցիր»,- ընդգծեց տիկին Նորան, ապա դիմելով հավաքի մասնակիցներին կոչ արեց «ոչ» ասել ստորագրված փաստաթղթին։
«Ոչ մի օտար ափ մեզ չի ձգելու, ոչ մի դրախտ կյանք մեզ չի գերելու։ Ծնվել ենք այնտեղ՝ լեռների գրկում, մենք հող կդառնանք մեր մայր Արցախում»,- իր խոսքն ամփոփեց Մատաղիսի նախկին ղեկավարը։











