Ամեն ինչ դեռ առջեւում է, մենք հաղթելու ենք իրապես։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաքիի ընթացքում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
«Այն բոլոր քաղաքները, որը դավաճանի ստորագրությամբ դեռ պետք է հանձնվի թշնամուն՝ մենք հետ ենք բերելու, չկասկածեք եւ դա անելու ենք այս մի քանի օրերի ընթացքում։ Նիկոլ, քեզ լավ ենք ճանաչում, դու խաբեցիր շատերին, զավթեցիր իշխանությունը, քեզ իշխանության բերողները նախապես պայմանավորվել էին, որ դու պետք է վաճառես մեր հայրենիքը, դու ստորագրեցիր եւ կատարեցիր այդ վաճառքի գործարքը։ Դու եւ կինդ երկուսուկես տարի պատրաստվում էիք այդ գործարքի վավերացմանը։ Դու երկուսուկես տարի թալանեցիր թալանչիներին, այդ գումարները չմղեցիր մեր ռազմական բյուջե, այդ գումարները տեղափոխեցիր շվեյցարական բանկեր։ Նիկոլ, դու Շուշին թուրքերին վաճառեցիր մի քանի միլիարդ դոլարով, Նիկոլ, դու վաճառեցիր հայազգի գումարներով կառուցված երկու ռազմավարական նշանակության ճանապարհները՝ Գորիս- Լաչին, Վարդենիսից դեպի Մարտունի գնացող ճանապարհները»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։
Նա Նիկոլ Փաշինյանին ստախոս եւ դավաճան անվանեց, ապա դիմեց իրավապահ մարմիններին։
«Հենց հիմա գնում եք եւ ձերբակալում եք Նիկոլ Փաշինյանին եւ անմիջապես մեղադրանք եք առաջադրում պետական դավաճանության մեջ, ինչպես նաեւ գործընկերոջը՝ Աննային (նկատի ունի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին,- հեղ․)փնտրում եք, հետախուզում եք հայտարարում, այդ սրիկան այսօր մի տեսանյութ էր հրապարակել իբրեւ թե դիրքերում է գտնվում։ Սրիկա, էդ խուճուճներդ ո՞վ հարթուկեց դիրքերում։ Նրան նույնպես մեղադրանք առաջադրեք պետական դավաճանության եւ լրտեսության համար»,- հայտարարեց նա։
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նաեւ, թե տեղի ունեցածի ծրագիրը ցանկանում էին իրականացնել թուրքերը, բայց դրանց պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։
«Այս զույգը դեռ 2018թ․-ի հունվարի 30-ին Հռոմում հանդիպում է ունեցել գորշ գայլերի հետ։ Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ են ձեռքբերվել։ Նախորդ իշխանությունները, որոնց ես դեմ եմ, նրանք մտադրություններ են ունեցել բանակցությունների միջոցով հանձնել որոշ շրջաններ, բայց նրանցից ոչ մեկը չարեց դա, Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայրն ասաց՝ ես գնում եմ, հրաժարվում եմ, չստորագրեց, երկրորդ նախագահը չստորագրեց, երրորդը չստորագրեց, տվեց, որ սա ստորագրի, բայց սա ոչ միայն այդ շրջանները ստորագրեց, այլեւ վաճառեց Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը,- հայտարարեց նա։
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ պետք է ձեւավորվի նոր Կառավարություն, որը կարճ ժամանակահատվածում կշտկի վիճակը։











